ԱՄՆ ռազմաօդային ուժերն ընդլայնել են իրենց ներկայությունը Մեքսիկայի սահմանին և հսկում են սահմանային գոտու ավելի քան 300 կիլոմետրը։ Դրա մասին հայտնել է Defense One-ը՝ հղում անելով զինվորականների հայտարարությանը։

Defense One-ի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը վերահսկողություն են հաստատել Թեքսասի սահմանին՝ Ռիո Գրանդե գետի ափամերձ գոտու մոտ 306 կիլոմետրի վրա, որտեղ այժմ հսկում են սահմանի 400 կիլոմետրանոց հատվածը։ Պորտալը նշում է, որ այդ քայլն ԱՄՆ իշխանություններին հնարավորություն կտա ընդլայնել ռազմական ուժի կիրառումը անօրինական ներգաղթյալների դեմ և խստացնել նրանց համար նախատեսված պատիժները։ Նման ռազմական վերահսկողության գոտիների ստեղծումը տարածքը վերածում է ռազմական բազայի՝ նրանց հնարավորություն տալով ազատորեն պարեկություն անել այնտեղ։ Ավելին, պոտենցիալ խախտողները կարող են մեղադրվել ռազմական օբյեկտ անօրինական մուտք գործելու մեջ։

Պորտալը նշում է, որ 2025 թվականի ապրիլից ի վեր ԱՄՆ իշխանությունները նմանատիպ գոտիներ են ստեղծել Մեքսիկայի սահմանի երկայնքով՝ Արիզոնայում, Կալիֆոռնիայում, Նյու Մեքսիկոյում և Թեքսասում։ Հուլիս ամսին ԱՄՆ զորքերը վերահսկում էին ամբողջ սահմանի մոտ մեկ երրորդը, որի երկարությունը մոտ 3100 կիլոմետր է։

Միաժամանակ պորտալը մեջբերում է փորձագետների կարծիքները, ըստ որոնց սահմանային գոտի լրացուցիչ զորքեր տեղակայելն անիմաստ է, քանի որ, ըստ մաքսային ծառայության տվյալների, վերջերս Մեքսիկայի հետ սահմանային անցումների թիվը կայուն կերպով նվազում է։ Այսպես, օրինակ, 2025 թվականին հարավային սահմանը հատել է մոտ 444 հազար մարդ, ինչը գրեթե հինգ անգամ պակաս է նախորդ տարվա 2,1 միլիոնից։

ԱՄՆ ներկա վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանության գալուց առաջ մոտ 25 միլիոն մարդ անօրինական կերպով մուտք է գործել երկիր։ Վարչակազմը նաև բազմիցս պաշտպանել է ավելի խիստ ներգաղթային քաղաքականությունը։ 2025 թվականին ԱՄՆ-Մեքսիկա սահմանին հայտարարվեց արտակարգ դրություն։ Վաշինգտոնում նշուըմ էին, որ մտադիր են իրականացնել  ամերիկյան պատմության մեջ անօրինական ներգաղթյալների ամենախոշոր արտաքսման գործողությունը։