ԱՄՆ-ն իր եվրոպացի դաշնակիցներին հստակեցնում է, որ մոտ ապագայում Եվրոպայում իր ռազմական ներկայության լայնածավալ կրճատում չի ծրագրում, և որ ցանկացած փոփոխություն սահմանափակ կլինի, չորեքշաբթի գրել է Politico-ն, հղում անելով ԱՄՆ և ՆԱՏՕ-ի պաշտոնյաներին։
Ըստ յոթ եվրոպական երկրների աղբյուրների՝ Վաշինգտոնը տարեսկզբից ի վեր իր գործընկերներին վստահեցնում է, որ կքննարկվեն միայն նպատակային ճշգրտումները և ռոտացիոն ուժերի աննշան կրճատումը, իսկ ամերիկյան մարտական ստորաբաժանումների և սարքավորումների մեծ մասը կմնա մայրցամաքում։ ՆԱՏՕ-ի երկրների մտահոգությունները սրվել են Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո, որն ավելի վաղ պնդում էր Եվրոպայի պաշտպանության ծախսերը մեծացնելու անհրաժեշտության մասին։
«Մենք կշարունակենք մեր ռազական ներկայությունը»,- ըստ Politico-ի՝ հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը։ Նրա գնահատմամբ՝ վարչակազմը եզրակացրել է, որ կայուն Եվրոպան կարևոր է Վաշինգտոնի շահերի համար, հակառակ ԱՄՆ-ի «ռազմավարական շրջադարձին դեպի Արևմտյան կիսագունդ և Չինաստան»։
Պարբերականի տվյալներով՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման թեման կլինի ամերիկյան ռազմական ներկայության ապագան։ Պենտագոնի ղեկավարի փոխարեն միջոցառմանը սպասվում է նրա քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Քոլբիի ներկայությունը։ Ըստ աղբյուրների՝ նա դաշնակիցներին կհստակեցնի, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Եվրոպան ավելի նախաձեռնողական քայլեր կձեռնարկի սեփական պաշտպանությունը ամրապնդելու համար, նույնիսկ եթե փոփոխությունները անհապաղ բնույթ չկրեն։
Զորքերի հանկարծակի դուրսբերման լրացուցիչ սահմանափակում է ԱՄՆ օրենսդրության պահանջը. Ըստ Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքի՝ ԱՄՆ-ը պարտավոր է Եվրոպայում պահել առնվազն 76 հազար զորք։ Ներկայում ամերիկյան զորակազմը կազմում է մոտավորապես 85 հազար։





























