Չինաստանը և ԱՄՆ-ն կարող են երկարաձգել իրենց առևտրային համաձայնագիրը ևս մեկ տարով, հաղորդում է South China Morning Post-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
«Միացյալ Նահանգները և Չինաստանը պատրաստ են ևս մեկ տարով երկարաձգել Հարավային Կորեայում համաձայնեցված առևտրային զինադադարը, երբ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ինչպես սպասվում է, կհանդիպեն Պեկինում ապրիլի սկզբին», - նշվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրների համաձայն, համաձայնագրի երկարաձգումը կամրապնդի հոկտեմբերյան գագաթնաժողովում ձեռք բերված կարճաժամկետ տնտեսական ձեռքբերումները, այդ թվում՝ չինական նոր գնումների պարտավորությունները։
Պարբերականը հիշեցնում է, որ Թրամփը նախատեսում է այցելել Չինաստան ապրիլի սկզբին։
Սկզբում նախատեսվում էր, որ ԱՄՆ նախագահը Պեկին կժամանի մարտի 31-ին՝ եռօրյա այցով և կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։
Հրապարակման աղբյուրները նշել են, որ ժամկետները դեռևս քննարկվում են։
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային համաձայնագիրը ձեռք է բերվել երկու երկրների առաջնորդների միջև անցյալ տարվա հոկտեմբերին Հարավային Կորեայի Բուսան քաղաքում կայացած հանդիպումից հետո։





























