Վենեսուելայում սպասվելիք նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու է դարձել Էնրիկե Կապրիլեսը` Միրանդա նահանգի գործող նահանգապետը: Թեկնածուի նախնական ընտրություններում Կապրիլեսը գրեթե 1,807 միլիոն ձայն է հավաքել (ավելի քան 62%): Ընդդիմադիր թեկնածուի ընտրություններին մասնակցել են ընտրական իրավունք ունեցող 18 միլիոն վենեսուելացիներից 2,9 միլիոնը, հաղորդել է Globovision հեռուստաալիքը:
Թեկնածուների ցուցակում հինգ ազգանուն էր նշված` 39-ամյա հաղթող Էնրիկե Կապրիլես, Սուլիա նահանգի նահանգապետ Պաբլո Պերեսը, անկախ պատգամավոր Մարիա Կորինա Մաչադոն, ՄԱԿ-ում Վենեսուելայի նախկին դեսպան Դիեգո Արիյան եւ նախկին պատգամավոր Պաբլո Մեդինան:
Վենեսուելայում նախագահական ընտրությունները նշանակված են 2012թ. հոկտեմբերի 7-ին: Ներկա նախագահ Հուգո Չավեսը, որն իշխանության է եկել 1999թ., մտադիր է եւս մեկ ընտրություններում հաղթել` եւս վեց տարով երկիրը ղեկավարելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























