Սիրիայում Արաբական երկրների լիգայի դիտորդական առաքելության ղեկավար Մոհամեդ Դաբին հրաժարական է տվել: Գեներալի հրաժարականի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Դիտորդները նշում են, որ հրաժարականը պայմանավորված է Սիրիայում առաքելության աշխատանքի փաստացի ձախողմամբ, հաղորդում է РБК-ն` վկայակոչելով BBC-ն:

Հիշեցնենք, որ Սիրիայում 2011-ի մարտից շարունակվում է դիմակայությունն իշխանությունների ու ընդդիմության միջեւ:

Իրավիճակը դիտարկելու համար դեկտեմբերի վերջին այդ երկիր է ուղարկվել Արաբական երկրների լիգայի դիտորդական առաքելությունը, որի աշխատանքների արդյունքում Լիգայի անդամ-երկրների ԱԳ նախարարները խաղաղ կարգավորման պլան են մշակել: Այն ենթադրում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարական եւ երկրում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացում: Դամասկոսն այդ առաջարկները մերժել է:

Դրանից հետո մի շարք արաբական երկրներ հայտարարել են, որ դադարեցնում են իրենց աշխատանքը դիտորդական առաքելությունում: 2012-ի հունվարի 28-ին դիտորդական առաքելության աշխատանքը ամբողջությամբ դադարեցվել է` կապված Սիրիայում իրավիճակի սրման հետ:

Ավելի ուշ Սիրիան լքել են Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Քուվեյթի, Օմանի ու Արաբական միացյալ էմիրությունների դեսպանները: Դրանից առաջ իրենց դեսպաններին Դամասկոսից հետ էին կանչել ԱՄՆ-ը, եծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան ու Իտալիան: