Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը NBC News-ին հայտարարել է, որ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի Կարակաս կատարած այցի ժամանակ իրեն հրավիրել են Միացյալ Նահանգներ։ «Ես հրավիրվել եմ Միացյալ Նահանգներ։ Մենք պլանավորում ենք այնտեղ գնալ, հենց որ համագործակցություն հաստատենք և կարողանանք առաջ շարժվել»,- ասել է Ռոդրիգեսը։

Նախկին փոխնախագահ և նավթի նախարար Ռոդրիգեսը երդում է տվել որպես Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար հունվարի սկզբին, երբ Միացյալ Նահանգները ձերբակալեց երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։

Նա և Ռայթը տասնամյակներ տևած թերներդրումներից, վատ կառավարումից և ԱՄՆ պատժամիջոցներից հետո կանգնած են Վենեսուելայի նավթարդյունաբերությունը վերականգնումը կազմակերպելու դժվարին խնդրի առջև, ընդ որում ամերիկացի ներդրողները պետք է լինեն առաջին շարքերում։

Սակայն Ռոդրիգեսը NBC-ին հայտարարել է, որ ինքը թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության մեղադրանքով Միացյալ Նահանգներում կալանավորված Մադուրոյին համարում է իր երկրի օրինական առաջնորդը։

«Ես կարող եմ ձեզ ասել, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն օրինական նախագահն է։ Ես դա ձեզ կասեմ որպես իրավաբան։ Ե՛վ նախագահ Մադուրոն, և՛ առաջին տիկին Սիլիա Ֆլորեսը անմեղ են»,- ասել է նա։