Ռուսաստանն առանց բնակչության զգալի աճի կարող է վերածվել «դատարկ տարածության», որի ճակատագիրը կորոշվի նրա սահմաններից դուրս: Այս մասին ասվում է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի ծրագրային հերթական հոդվածում, որը լույս է տեսել «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում` «Արդարության կառուցում. Սոցիալական քաղաքականություն Ռուսաստանի համար» վերնագրով:
«Եթե մեզ հաջողվի արդյունավետ, համալիր ռազմավարություն մշակել, Ռուսաստանի բնակչությունը կարելի է հասցնել 154 միլիոնի: Այդկերպ գործի եւ անգործության միջեւ ընտրությունը մոտակա 40 տարում կարող է 50 մլն մարդու կյանք արժենալ»,-գրում է վարչապետը: Իսկ անգործության դեպքում նույն ժամանակահատվածում առկա 142 միլիոնը կնվազի 107 միլիոնի:
Նրա խոսքով` հայրենակիցներին Ռուսաստանում վերաբնակեցնելու ծրագիրը անարդյունավետ էր: Պուտինը կարծում է, որ հարկավոր է տարեկան 300 հազար մարդու ներգաղթ ապահովել Ռուսաստան, առաջին հերթին` մերձավոր եւ հեռավոր արտերկրներում բնակվող ռուսաստանցիներին, օտարերկրյա մասնագետներին, հեռանկարային երիտասարդությանը` մշտական բնակության վայր տրամադրելով:
Նա առաջարկում է հանել բոլոր սահմանափակումները արտասահմանցի քաղաքացիների համար, որոնք ռուսաստանցիների հետ ընդհանուր հիմունքներով (այսինքն քննություն հանձնելով եւ ռուսերենով սովորելով) կցանկանան ընդունվել մասնագիտական ուսումնական հաստատություններ, իսկ մասնագիտությամբ աշխատանքի ընդունված ռուսական բուհերի շրջանավարտների համար համեմատաբար հեշտացնել գրանցում ստանալու ճանապարհը, այնուհետեւ էլ` Ռուսաստանի քաղաքացիությունը:
Պուտինը նաեւ առաջարկում է ընդունել բոլորովին նոր կենսաթոշակային քաղաքականություն միջին դասի համար, որը հիմնված կլինի թոշակային համակարգի կուտակային մասնաբաժնի զարգացման վրա:
Այլ սոցիալական խնդիրների շարքում Պուտինն առանձնացնում է առողջության համար մարդու պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ հասարակության մեջ առողջ ապրելակերպի ցանկության ձեւավորումը:
Երկրի իշխանությունները կշարունակեն աջակցել բազմանդամ ընտանիքներին: Վարչապետն առաջարկում է հատուկ նպաստ վճարել ընտանիքներին երրորդ եւ հաջորդ երեխաների ծնելիության դեպքում` մինչեւ երեք տարեկան դառնալը:
Վարչապետն առաջարկել է ուսանողական թոշակների բարձրացում: Նա խոստացել է առավելագույնի հասցնել կարիքավոր ուսանողների թոշակը:
Վարչապետը, խոսելով բնակչությանը տներով ապահովելու մասին, կոռուպցիայից ազատագրվելու միջոցների շարք է առաջարկել:
Նա խոստացել է անվճար հողատարածքներ հատկացնել տնտեսական եւ սոցիալական շինություններ կառուցողներին: Նա նաեւ նշել է, որ ինֆլյացիայի իջեցմանը զուգահեռ պետք է նվազի նաեւ հիփոթեքի գինը:




























