Արտակարգ իրավիճակների նախարարությունում, այսօր` փետրվարի 13-ին, տեղի է ունեցել ԱԻՆ ղեկավար անձնակազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետը զեկուցել է փետրվարի 13-ի առավոտյան Արտաշատ քաղաքի մոտակայքում գրանցված 2,4 մագնիտուդով թույլ երկրաշարժի մասին։ Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի տարածքում գրանցվել է մի քանի թույլ երկրաշարժ, նկատվել է սեյսմիկ ռեժիմի որոշակի ակտիվացում։ Նախարար Երիցյանը հանձնարարել է` հրավիրելով գիտնականների քննարկել եւ վերլուծել ընթացիկ սեյսմիկ ռեժիմը։

Նախարարին զեկուցել են, որ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության կողմից մայրաքաղաքի խոշոր օբյեկտներում իրականացվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների խախտման մի շարք դեպքեր։

Այսուհետ ԱԻՆ «Արտակարգ թերթ» շաբաթաթերթի էջերում կներկայացվեն հրդեհային անվտանգության կանոնները խախտած օբյեկտների, ինչպես նաեւ տեխնիկական փորձաքննություն չանցած գազա- եւ բենզալցակայանների, կռունկների, վերելակների եւ արտադրական այլ վտանգավոր օբյեկտների լուսանկարները։