Հայաստանի ֆինանսական շուկայում կտրուկ աճել է հետաքրքրությունը դոլարային վարկերի նկատմամբ: Ըստ կենտրոնական բանկի հրապարակած տեղեկատվության` հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 62.9 մլն դոլար, որը վերջին 1.5 տարում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է շաբաթական կտրվածքով (եթե հաշվի չառնենք դեկտեմբերի երկրորդ կեսի վարկային աժիոտաժը):

Միեւնույն ժամանակ` դրամային վարկերի ծավալներն ունեն նվազման միտումներ; Ընդհանուր առմամբ` ֆինանսական շուկան սկսել է մեծ հետաքրքրություն ցուցաբերել դոլարային վարկերի նկատմամբ, ինչը կարող է նպաստել դոլարիզացիաի աճին: Պատճառներից հիմնականն այն է, որ դրամի արժեզրկման սպասումների ներքո` բանկերը բարձրացնում են դրամային վարկերի ու դրամային ավանդների տոկոսադրույքները: Գործնականում` դրամային վարկերի տոկոսադրույքը վերջին շաբաթներին բարձրացվել է մոտ 3 կետով, տարեկան 18 %-ով վարկ ճարելն արդեն իսկ խնդիր է:

Մի փոքր աճ կա նաեւ դոլարային վարկերի մասով, սակայն այդ աճը զգալիորեն զիջում է դրամային վարկերի տոկոսների աճին: Բանկային համակարգում ընդհանուր առմամբ դոլարի դեֆիցիտ չի զգացվում, սակայն պետք է հաշվի առնել, որ եվրոյի գոտուց ֆինանսական ռեսուրսների ներհոսքը զգալիորեն կրճատվել է: Մեր բանկերը տարեկան մոտ 80-100 մլն դոլար վարկային ռեսուրս են ներկրում եվրոպական բանկերից ու միջազգային կազմակերպություններից: Այդ աղբյուրն արդեն ցամաքում է, ու եթե Եվրոպայում պարտքային ճգնաժամը չհաղթահարվի` ապա նախկին ծավալները վերականգնել հնարավոր չի լինի: Իսկ դա անխուսափելիորենմ կհանգեցնի նաեւ դոլարային վարկերի տոկոսադրույքների աճին, քանի որ դրսից ներկրվող ռեսույրսները զգալիոորեն ավելին էժան են, քան ներքին շուկայում հավաքագրվողները;

Վարկերի դոլարիզացիայի աճի միտումը սկսել է 2011 թ, սակայն 2012 թ. այն կարող է ավելի խորանալ: Այսպես` ըստ պաշտոնական վիճակագրության` 2011 թ. սկզբներին արտարժութային էին վարկերի մոտ 50 %-ը, իսկ տարվա վերջում` արդեն 60%-ը: 

Նշենք սակայն, որ կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին օրենքը, որը վերջերս տապալվեց խորհրդարանում, դրական կարող է անդրադառնալ ֆինանսական շուկայի վրա: Այն կստիպի քաղաքացիներին` բարձերի տակ պահվող դրամային միջոցների մի զգալի մասը հանձնել բանկերին, որոնց մոտ այդ կերպ կլուծվեն լիկվիդայնության հետ կապված խնդիրները:

Սամվել Ավագյան