Աթենքում փետրվարի 12-ի երեկոյան զանգվածային անկարգություններից հետո ձերբակալվել է 140 մարդ, հայտնում է տեղական ոստիկանությունը:
Ըստ ոստիկանության տվյալների` 67 մարդ է ձերբակալվել ոստիկանների վրա հարձակվելու, գույք վնասելու եւ թալանի համար, եւս 75 մարդ ժամանակավորապես ձերբակալվել են, եւ անկարգություններին նրանց մասնակցության փաստը դեռեւս ճշտվում է:
Ընդհանուր առմամբ, հրդեհվել են 45 շենքեր եւ խանութներ: Տասնյակ խանութներ թալանվել են:
Ոստիկանությունը հայտնել է նաեւ բռնկուն նյութերով լի շշերից, քարերից եւ փայտի կտորներից վնասվածքներ ստացած 68 ոստիկանների մասին: Ըստ առողջապահության նախարարության տվյալների` հիվանդանոց է տեղափոխվել 35 քաղաքացի:
Աթենքի քաղաքապետ Յորղոս Կամինիսը, Mega հեռուստաալիքով ելույթ ունենալով, քաղաքին հասցված վնասը համեմատել է 2008 թվականի անկարգությունների հետ, երբ ոստիկանի ձեռքից դեռահասի մահվանից հետո թալանը եւ հրդեհումները շարունակվում էին մեկ շաբաթ շարունակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ հրդեհներով եւ թալանով ուղեկցվող զանգվածային բողոքները հունական մայրաքաղաքով մեկ սկսվել են նախօրեին, այն ժամանակ, երբ երկրի խորհրդարանը ԵՄ-ի հետ վարկային համաձայնագիր էր ստորագրում: Խաղաղ ցույցերին մասնակցել են մինչեւ 100 հազար մարդ, անկարգություններին` 1,5-2 հազար: Նրանք բռնկվող նյութերով շշեր են նետել խանութների, բանկերի եւ գրասենյակների վրա, որի հետեւանքով էլ հրդեհներ են սկսվել: Հրդեհի բոցն ամբողջ գիշեր լուսավորել է քաղաքը, հռչակավոր Ակրոպոլիսը շրջապատված է եղել ծխով: Ամբողջովին այրվել է պատմական «Ատտիկոն» կինոթատրոնը, որը կառուցվել էր 1870 թվականին:




























