Եվրամիությունը պետք է մշակի պատժամիջոցների համակարգ այն նոր երկրների համար, որոնց նախատեսում է ինտեգրել, եվրոպական նորմերը խախտելու կամ բարեփոխումների պահանջները չկատարելու համար։ Այս մասին հայտնել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը Տալլինում կայացած ընդլայնման համաժողովի ելույթում։

«Ես պնդում եմ, որ անդամակցության նոր համաձայնագրերը (որոնք Բրյուսելը պատրաստում է Ուկրաինայի, Մոլդովայի եւ մնացած Բալկանյան պետությունների համար) պարունակեն ավելի ուժեղ երաշխիքներ անդամակցության գործընթացում երկրների ստանձնած պարտավորություններից [եվրոպական նորմերը ազգային օրենսդրության մեջ ներառելու] հետընթացի դեմ։ Սա կապահովի, որ նոր պետությունները պահպանեն իրենց առաջընթացը եվրոպական հիմնարար նորմերի իրականացման գործում»,- ասել է նա։ Նրա ելույթը հեռարձակվել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայության կողմից։

Այդ պատժամիջոցների համակարգը ժամանակային սահմանափակում չի սահմանում։ «Այդ երաշխիքները պետք է ուժի մեջ մնան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Սակայն մեր համաձայնագրերը հստակ են, եւ դրանք չպետք է ստեղծեն անդամակցության տարբեր կատեգորիաներ այն պետությունների համար, որոնք լիովին համապատասխանում են եվրոպական նորմերի ամբողջությանը։ Պարզ ասած, եթե երկրները համապատասխանեն կանոններին, նրանք հազիվ թե նկատեն երաշխիքների այս համակարգը։ Սակայն եթե երկրները սկսեն խախտել մեր հիմնարար նորմերը, ինչպիսին են ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը, այդ երաշխիքները «խայթող կլինեն»,- զգուշացրել է Կոսը։

Նա չի մանրամասնել, թե ինչպես է այսօր վերաբերվում «ժողովրդավարության եւ օրենքի գերակայության» սկզբունքներին, բայց ոգեւորությամբ ողջունել է Մոլդովայի փորձը ժողովրդավարության եւ Էստոնիայի գործողությունները խոսքի ազատության ոլորտում։