Դավադրության տեսությունները համոզմունքներ են, որ կյանքի որոշակի իրադարձություններ կամ իրավիճակներ ազդեցիկ անհատների կամ խմբերի թաքնված և հաճախ չարամիտ դավադրությունների արդյունք են: Սովորաբար նման տեսությունները զուրկ են համոզիչ ապացույցներից, մերժում են պաշտոնական բացատրությունները, շեշտում են գաղտնիությունն ու խաբեությունը և հիմնված են այն գաղափարի վրա, որ կարևոր ճշմարտությունները դիտավորյալ թաքցվում են համաշխարհային հանրությունից:
Երկիրը հարթ է, երկինքը պտտվում է
Ամենատարածված և տարօրինակ դավադրության տեսություններից մեկը մեր մոլորակի իրականում հարթ լինելու մասին դավադրության տեսությունն է: Հիմնական փաստարկն այն է, որ հին մշակույթները ճիշտ էին. Երկիրը կլոր սկավառակ է, լիովին անշարժ, մինչդեռ երկինքը պտտվում է դրա վերևում:
Սույն տեսության կողմնակիցները միաժամանակ պնդում են, թե այն գաղափարը, որ Երկիրը գունդ է, ոչ այլ ինչ է, քան չարամիտ սուտ, որը հազարամյակներ շարունակ տարածել է աշխարհը վերահսկող գաղտնի կազմակերպությունը, հաղորդում է Ֆոկուս-ը: Գիտնականները պնդում են, որ հարթ Երկրի վարկածը զարմանալիորեն հեշտ է հերքելը՝ այնքան, որ հույն փիլիսոփա Էրատոսթենեսը դա արել է դեռևս մ.թ. 240 թվականին:
Մարդիկ երբեք չեն եղել Լուսնի վրա
Տասնամյակներ շարունակ դավադրության տեսաբանները NASA-ն ենթարկել են խիստ անվստահության և ծաղրի: Տիեզերական գործակալությանը հաճախ մեղադրում են կլիմայի փոփոխության տվյալները կեղծելու, «Ապոլոն 13»-ի աղետը կեղծելու, Մարսագնացները կեղծելու և այլնի մեջ: Օրինակ, այդ դավադրության տեսության կողմնակիցները համոզված են, որ մարդիկ իրականում երբեք չեն եղել Լուսնի վրա:
Այդ դավադրության տեսության հիմնական փաստարկներից մեկը լուսնային պատկերներում աստղերի բացակայությունն է, ինչպես նաև այն փաստը, որ ստվերները, ֆոնը և նույնիսկ հետքերը չեն երևում այնպես, ինչպես սպասվում էր: Մեկ այլ փաստարկ է ամերիկյան դրոշի «ծածանումը», երբ Երկրի արբանյակը մթնոլորտ չունի, ինչպես նաև այն գաղափարը, որ տիեզերագնացները կմահանան ճառագայթումից՝ Երկրի՝ Վան Ալենի գոտիներով անցնելիս:
Գիտնականների կարծիքով, Լուսնի վրա վայրէջքների բացակայության բոլոր այդ կեղծ «ապացույցները» կարելի է հեշտությամբ հերքել: Օրինակ, աստղերի բացակայությունը պայմանավորված է նրանով, որ լուսանկարներն արվել են պայծառ արևի լույսի ներքո, և, հետևաբար, կարճ պահի տևողությամբ: Ամերիկյան դրոշը «ծածանվում» է միայն այն ժամանակ, երբ տիեզերագնացը շարժում է այն, իսկ Վան Ալենի գոտիները տիեզերագնացների համար վտանգ չեն ներկայացրել միայն կարճ ժամանակաընթացքում։
Այլմոլորակայիններին թաքցնում են մեզնից
Ժամանակակից գիտությունը բավականին վստահ է, որ մեր մոլորակը չի կարող լինել տիեզերքի միակ վայրը, որտեղ կյանքը ծագել է։ Տիեզերքն այնքան անծայրածիր է, լի աստղերով և մոլորակներով, և այնքան հին, որ կյանքը՝ նույնիսկ բանական քաղաքակրթությունները, հավանաբար գոյություն ունեն այլուր։ Այնուամենայնիվ, ներկայում Երկրից դուրս կյանքի գոյության համոզիչ ապացույցներ չկան։
Դա հանգեցրել է նոր դավադրության տեսության, ըստ որի՝ աշխարհի կառավարությունները պարզապես թաքցնում են այլմոլորակային էակների մասին գիտելիքները և անտեսում նրանց հետ ցանկացած շփում։ Սակայն, ըստ հետազոտողների, այդ թեմայի վերաբերյալ բոլոր պնդումները ստուգման ենթակա չեն և միանշանակ չեն։
Դեմք Մարսի վրա
1976 թվականի հուլիսին NASA-ի Viking 1 ուղեծրային սարքը լուսանկարեց Մարսի մակերեսը, որը, կարծես, պատկերում էր մարդկային դեմք։ Պատկերի հետագա վերլուծությունը ցույց տվեց, որ Մարսի վրա դեմքն իրականում ոչ այլ ինչ էր, քան լույսի խաղ՝ որոշակի դիտման անկյունների և լուսավորության արդյունք։
NASA-ն բացահայտել է կորուսյալ օրը
1960-ականներին «կորուսյալ օրվա» մասին առասպելը տարածվեց ավետարանականների շրջանում: Ինժեներ Հարոլդ Հիլը պնդում էր, որ NASA-ում աշխատելու ընթացքում տիեզերական զոնդերի հետագծերը հաշվարկելիս բացակայող ժամանակահատված է հայտնաբերվել: Հետևաբար, նա պնդում էր, որ այդ հայտնագործությունն ապացուցում է Աստվածաշնչյան պատմության ճշմարտացիությունը, այն է՝ Աստված Հեսուի և ամորհացիների ճակատամարտի ժամանակ կանգնեցրել է Արևը:
Հետազոտողների կարծիքով, այդ տեսությունը, ինչպես դավադրության տեսությունների մեծ մասը, բավականին հեշտ է հերքել: Փաստն այն է, որ Հիլը երբեք իրականում չի աշխատել NASA-ում, և չկան փաստաթղթեր, որոնք կհաստատեն այդ տեսությունը: Եվ այնուամենայնիվ, շատերին դեռ թվում է, թե NASA-ն հայտնաբերել է բացակայող օրը, սակայն մարդկությունից թաքցնում է ճշմարտությունը:
Գաղտնի կազմակերպությունները տենչում են համաշխարհային տիրապետության
Շատ տարածված դավադրության տեսություններ ենթադրում են գաղտնի կազմակերպությունների գոյությունը, որոնք տենչում են համաշխարհային տիրապետության, ինչպես նաև մարդկային, գիտական և ֆինանսական ռեսուրսների նկատմամբ լիակատար վերահսկողության: Նման գաղտնի կազմակերպությունները ներառում են իլյումինատները, մասոնները և հրեա-մասոնները, Կլոր սեղանի ընկերությունը, Այլմոլորակային կառավարությունը և այլն:
ՔՈՎԻԴ-19 համավարակը և չիպավորումը
Դեռ մինչև 2020 թվականի մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակի պաշտոնական հայտարարումը, ՔՈՎԻԴ-19 համավարակի մասին դավադրության տեսությունները սկսեցին տարածվել առցանց, ինչպես նաև ապատեղեկատվություն այդ հիվանդության ծագման, մասշտաբի, կանխարգելման, բուժման, պատվաստման և այլ ասպեկտների վերաբերյալ։
Իրավիճակն այնքան էր դուրս եկել վերահսկողությունից, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստիպված է եղել դավադրության տեսությունները հայտարարել «ինֆոդեմիա», որը սպառնալիք է ներկայացնում համաշխարհային առողջության համար։
5G աշտարակների ազդեցությունը
5G տեխնոլոգիայի թյուրըմբռնումը հանգեցրել է տարբեր դավադրության տեսությունների առաջացմանը, որոնք պնդում են, որ այն բացասական ազդեցություն ունի մարդու առողջության վրա։ Օրինակ՝ 2020 թվականին քիչ հայտնի բժիշկ Քրիս վան Կերկհովենը պնդում էր, որ նոր 5G բջջային ցանցը վտանգավոր է առողջության համար։ Ավելին, նա պնդում էր, որ նոր կորոնավիրուսային համավարակը կարող է իրականում կապված լինել 5G-ի հետ՝ հղում անելով 2019 թվականին Չինաստանի Ուհան քաղաքում 5G բջջային ցանցի աշտարակների տեղակայմանը, որտեղ կենտրոնացած են դեպքերի մեծ մասը։
Թերևս, դավադրության տեսությունների մեծ մասի պես, սա նույնպես որևէ գիտական հաստատում չի ստացել։
Արդյո՞ք փայլաթիթեղից գլխարկը կփրկի
Դավադրության տեսաբանները ենթադրում են, որ ալյումինե փայլաթիթեղից գլխարկ դնելը կարող է ենթադրաբար պաշտպանել ուղեղը և գիտակցությունը վնասակար ճառագայթումից։
Սակայն, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտների անցկացրած հետազոտությունը պարզել է, որ փայլաթիթեղից գլխարկը կարող է իրականում և՛ մեղմացնել, և՛ ուժեղացնել ճառագայթումը՝ կախված դրա հաճախականությունից։




























