Հայ-թուրքական արձանագրությունները Սահմանադրական դատարան ուղարկվելուց հետո դրանց դեմ պայքարելու ՀՅ Դաշնակցության ռազմավարությունը կփոխվի: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Նա նշել է, թե ներկայում կուսակցությունը ակտիվ աշխատանքներ է տանում հանրության եւ երկրի քաղաքական շրջանակների հետ՝ քարոզելով այդ փաստաթղթերի դեմ: «Բայց եթե մենք տեսնենք, որ այդ քաղաքականությունն անպտուղ է, կվերանայենք այն»,- հավաստիացրեց Հովհաննիսյանը: Պատգամավորը շեշտեց, թե հայ հասարակության հետ շփվելուց հետո համոզվել է, որ ժողովուրդը պատրաստ չէ անձայն ենթարկվել իշխանության պարտադրած զիջումներին:
Վահան Հովհաննիսյանի կարծիքով՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացմամբ առաջին հերթին շահագրգռված է Թուրքիան, քանի որ նրանք հասկացել են, որ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման հետագա ձգձգումը Թուրքիայի համար հղի է նոր խնդիրներով, քանի որ թուրքական հասարակությունում սկսել են լրջորեն հետաքրքրվել հայ-թուրքական պատմությամբ, քննարկել Ցեղասպանության հարցը, քրդական հարցը, սկսել են հնչել «Մենք բոլորս հայեր ենք» կարգախոսներ: «Եւ նրա համար, որ չեզոքացնի այդ ալիքը, Անկարան որոշել է կարճ ժամկետներում հարաբերություններ հաստատել Երեւանի հետ»,- վստահ է պատգամավորը:
Խոսելով ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին՝ Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, թե ՀՅԴ-ն, ինչպես եւ նախկինում, առավելագույն ջանքեր է գորադրելու այդ ուղղությամբ, բայց դժվարացավ ասել, թե որքանով դրանք կհաջողեն:




























