Հայաստանի իշխող կոալիցիան պայմանավորվել է պահպանել խաղի կանոնները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ՀՀԿ լրատվական ծառայության հաղորդագրությունը, թե կոալիցիոն երեք կուսակցությունները որոշել են իրար դեմ պայքարել զուսպ եւ կոռեկտ, իսկ ընտրություններին մասնակցել առանձին ցուցակներով:

Հարցին` հնարավո՞ր է, որ այդ համատեքստում կոալիցիոն նոր հուշագիր ստորագրվի, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ եթե կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելու անհրաժեշտություն ծագի, այն կստորագրվի: «Այս պահին նման հարց չի քննարկվել, կոալիցիան արդյունավետ աշխատում է նախագահի գլխավորությամբ»,- նկատեց նա:

Հարցին, թե արդյոք զուսպ եւ կոռեկտ պայքարը նշանակո՞ւմ է, որ կոալիցիոն ուժերը թեկնածուներ չեն առաջադրի իրար դեմ մեծամասնական ընտրակարգով, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, թե ՀՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրման խնդիրները չի ավարտել: «Երբ ավարտի, մենք կներկայացնենք, թե 41 ընտրատարածքներում քանի թեկնածու ենք առաջադրում, քանիսին ենք պաշտպանում այլ ուժերի ներկայացուցիչներից: Դա կհստակեցվի համագումարին հաջորդող օրերին»,- ամփոփեց Շարմազանովը:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տարածված հայտարարությանն ավելացնելու բան չուներ: Դիտարկմանը, թե ՕԵԿ-ը ընտրությունների ժամանակ կարող է խնդիրների առջեւ կանգնել, քանի որ հիմնական ռեսուրսները գտնվում են ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ձեռքին, Հեղինե Բիշարյանն ասաց. «ՕԵԿ-ը պակաս ռեսուրսներ չունի եւ այդ ռեսուրսները բավարար են: Եւ հետո ռեսուրսները չէ, որ հաջողություն եմ ապահովում, այլ կատարած աշխատանքն ու ժողովրդի վստահության քվեն»: Հեղինե Բիշարյանն, ավելին, վստահ է, որ առանձին մասնակցելով իրենց կհաջողվի հայտնվել խորհրդարանում:

Մեկնաբանելով ՀՀԿ լրատվական ծառայության հայտարարությունը, թե կոալիցիան պայմանավորվել է զուսպ եւ կոռեկտ պայքարել իրար դեմ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե շատ ճիշտ որոշում է` պահել առաջիկա ընտրություններում խաղի կանոնները, ընտրարշավը տանել բացառապես կոռեկտության սահմաններում: «Սա ուղղված է բոլոր քաղաքական ուժերին, որոնք պետք է շահագրգիռ լինեն ընտրություններում կոռեկտության եւ փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտը պահպանելու մեջ: ԲՀԿ-ն մշտապես ասում է, որ երկրում պետք է ձեւավորել քաղաքական նոր մշակույթ, եւ սա խոսում է դրա մասին»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը` հույս հայտնելով, որ խաղի կանոնները կպահպանվեն: Հարցին, հնարավոր է, որ կոալիցիոն կուսակցությունները պայմանավորվածության հանգեն մեծամասնական ընտրակարգով իրար դեմ թեկնածուներ չառաջադրելու մասին, հատկապես, որ խոսակցություններ են շրջանառվում, թե որոշվել է միայն 4 ընտրատարածքներում իրար դեմ թեկնածուներ առաջադրել, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Կոալիցիայի նիստերին ես չեմ մասնակցում, եւ ինքս իրապես տեղյակ չեմ նման պայմանավորվածությունների մասին»:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ քաղաքական կոալիցիայի նիստ:

ՀՀԿ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ կոալիցիոն կողմերը քննարկել եւ արձանագրել են խորհրդարանական ընտրություններում սեփական ընտրացուցակներով հանդես գալու, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում եւ քաղաքակիրթ մրցակցության կանոններով ընտրություններին մասնակցելու իրենց պատրաստակամությունը:

«Կարեւորվել է կոալիցիոն գործընկերության միասնականությունն ու համախմբվածությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական զսպվածության եւ կոռեկտության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը, ազնիվ մրցակցությամբ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու վճռականությունը»,-ասված է ՀՀԿ հաղորդագրության մեջ: