NEWS.am լրատվական գործակալության վերլուծաբան Ալբերտ Խաչատրյանը հաղթել է «Ռուսաստանի լավագույն բանաստեղծները, գրողները, երգիչները, երգահանները եւ գեղանկարիչները» ծրագրի մրցույթում, որն անցկացվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ենթակայությամբ գործող Պետական ծառայության ռուսական ակադեմիային առընթեր Մոսկվայի պետական եւ տեղական կառավարման ակադեմիայի նախաձեռնությամբ: Նա հաղթել է «2011թ. լավագույն միստիկ գրող» անվանակարգում` «Լիլիթ` խավարի աստվածուհի» պատմվածքով:  Հաղթողին դիպլոմ է հանձնվել` ռուս հայտնի արվեստի գործիչ Ռիմա Պիսարեւայի գրառմամբ եւ ստորագրությամբ:

Ալբերտ Խաչատրյանը, տնտեսական հոդվածներից բացի, Հայաստանի տարբեր ամսագրերում եւ թերթերում հրապարակված տասնյակ ֆելիետոնների եւ երգիծական  մանրապատումների հեղինակ է, որոնք գրվել են հանրությանը մտահոգող ընթացիկ թեմաներով, նա հրատարակել է «Ոսկե բանալի կամ Բուրատինոյի նոր արկածները» երգիծական  մանրապատումների հավաքածուն:

Նրա մի շարք ստեղծագործություններ ընդգրկվել են Հայաստանի երգիծաբանների «Հումորի կշեռքի նժարը» ծաղկաքաղ-հավաքածուում: Նշենք, որ «Մամուլն ընդդեմ կոռուպցիայի» ամսագրի 2008թ. 6-րդ համարում ի մի են բերվել նրա բոլոր ֆելիետոնները: Նրա սցենարներով մի շարք նկարներ են պատրաստվել «Հայաստանի ընտրությունների յուրահատկությունները» երգիծական գրքույկի համար, ընդ որում` դրանցից մեկը, իբրեւ լավագույն թեմա, արժանացել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի գովասանքին:

Նշենք, որ Ալբերտ Խաչատրյանը 2009թ. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն հրապարակման մրցույթում առաջին տեղն է գրավել «Տարվա լավագույն հոդված» անվանակարգում, երրորդ տեղը` «Տարվա լավագույն ֆելիետոն» անվանակարգում: