Ճապոնիայում  «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մոտակայքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ երկրաբանական ծառայության գնահատականով` ստորգետնյա ցնցումները 6 մագնիտուդ հզորություն են ունեցել: Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը 6,2 մագնիտուդի մասին է հաղորդում: Երկրաշարժի հիպոկենտրոնը Տոկիոյից մոտ  165 կմ հեռավորության վրա է եղել եւ ունեցել է գրեթե 10 կմ խորություն:

Agence France-Presse-ը հաղորդում է, որ երկրաշարժն զգացվել է Ճապոնիայի շատ շրջաններում, այդ թվում` Տոկիոյում: Զոհեր եւ ավերածություններ չկան. Նախնական տվյալներով` հետեւանքներ չկան նաեւ   «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում:

Հիշեցնենք, 2011թ. մարտի 11-ի երկրաշարժի արդյունքում «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում լուրջ վթար էր տեղի ունեցել, որը հանգեցրել էր ռադիացիայի արտահոսքի: Այդ վթարը Չեռնոբիլից հետո խոշորագույնն էր եւ հանգեցրեց տեղի տասնյակ հազարավոր բնակիչների տարհանմանը եւ ԱԷԿ-ի շուրջ 20 կմ շառավղով տարածքի ամայացմանը: