Ռուսաստանի ՆԳՆ-ի ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի ղեկավար, ոստիկանության գեներալ-մայոր Ալեքսանդր Պրոկոպչուկին դուր չի գալիս «ռուսական մաֆիա» տերմինի գործածությունը նախկին խորհրդային տարածքի բոլոր խմբավորումների առնչությամբ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հետ զրույցում նա հայտնել է, որ պաշտոնապես նման եզրույթ չի օգտագործվում, սակայն այն սիրում են կիրառել լրատվամիջոցները:

«Եվրոպայի տարածքում գործող հանցավոր խմբերը բազմազգ են, նրանց կազմում կարող են լինել ցանկացած երկրների ներկայացուցիչներ: Այդ պատճառով նրանց բնութագրել որպես պարտադիր ինչ-որ մեկ ազգության մաֆիա, արմատապես սխալ է», - մեկնաբանել է ԱԿԲ-ի ղեկավարը:

Ընդ որում նա հայտնել է, որ այսպես կոչված «էթնիկ հանցավորությունը» տվյալ պահին եվրոպական երկրների իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է. այնտեղ արդեն ձեւավորվում  կամ հաստատվել են տարբեր ազգերի սփյուռքներ:

Գեներալն ամեն դեպքում խոստովանել է, որ աշխատանքի ժամանակ առնչվում է «ալբանական հանցավոր խմբավորումներ», «բալկանյան հանցավորություն», «լիտվական կազմակերպված հանցավորություն», «վրացական օրենքով գողեր» եզրույթների հետ, այսինքն այս հարցում, այնուամենայնիվ, որոշակի աշխարհագրություն գոյություն ունի: 

NEWSru.com-ը նշում է , որ գեներալի ցուցումները «ռուսական մաֆիա» արտահայտության ոչ ճիշտ գործածության վերաբերյալ խիստ հակասում են իրավապահ մարմինների պաշտոնյաների դիրքորոշմանը, երբ խոսքը գնում է երկրի ներքին հանցավորության մասին: Նման իրավիճակներում իրավապահ մարմիններն իրենք էլ դեմ չեն ուշադրությունը հանցագործի էթնիկ պատկանելիության վրա սեւեռելուն, հատկապես եթե նա ներգաղթյալ է: