Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ հիմնել են Գրոսմայստերական դպրոց: Երկու գրոսմայստերներն անհատական մոտեցմամբ մարզումներ կանցկացնեն 10-18 տարեկան տաղանդավոր շախմատիստների հետ:
Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատային դպրոցի բացումը կարելի է համարել շախմատային Հայաստանի հերթական նվաճումը:
NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Շախմատային ակադեմիայի տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ:
Պարոն Լպուտյան նախ շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 54-ամյակի կապակցությամբ (այսօր Սմբատ Լպուտյանի ծննդյան օրն է):
Շնորհակալեմ եմ, շնորհավորանքի համար:
Ի՞նչ նշանակություն կունենա Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատային դպրոցի հիմնումը:
Լեւոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի նման անվանի շախմատիստների դպրոցն իհարկե ծառայելու է հայկական շախմատի հետագա առաջըթացին: Այս երկու շախմատիստները մեր լավագույն գրոսմայստերների շարքերում են եւ իհարկե նրանց հետ շփվելիս պատանի շախմատիստները միայն ու միայն նոր ձեռքբերումների նպատակաուղղված կլինեն: Շատ լավ նախաձեռնություն է մեր շախմատիստների կողմից ու իհարկե ողջունելի: Դպրոցը լինելու է այնպիսին, ինչպիսին օրինակ՝ Տիգրան Պետրոսյանի, Միխաիլ Բոտվիննիկի շախմատային դպրոցներն են:
Ի՞նչ համակարգով կկազմակերպվի շախմատիստների հաճախումները դպրոց:
Սա փաստորեն հեռակա դպրոց է լինելու: Առաջնակարգ ու բարձր որակավորում ունեցող պատանի շախմատիստներն այցելելու են այս դպրոց տարեկան 3-4 անգամ: Դպրոց հաճախելու իրավունք են ստանում Հայաստանի պատանեկան առաջնությունում առաջին եւ երկրորդ տեղ գրաված պատանի եւ աղջիկ շախմատիստները, ինչպես նաեւ միջազգային կարգի մրցումներում, աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում մրցանակներ նվաճած պատանի շախմատիստները, տարբեր տարիքային խմբերում, 10-18 տարեկան: Ստացվում է, որ դպրոց են հաճախելու Հայաստանի պատանի լավագույն շախմատիստները:
Պարապմունքները ո՞վ է անցկացնելու եւ ինչպե՞ս:
Լեւոն Արոնյանից ու Գաբրիել Սարգսյանից բացի, պատանիների հետ պարապմունքներ անցկացնելու են նաեւ ուրիշ գրոսմայստերներ: Յուրաքանչյուր պարապմունք ունենալու է երկշաբաթյա ցիկլ, տրվելու են առաջադրանքներ ու հետո ստուգվելու են: Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը տալու են առաջադրանքները, որոնք կարող են լինել շախմատային տարբերի տիպի, բայց բարդ առաջադրանքներ: Լուծումները պահանջվելու են հաջորդ պարապմունքների ժամանակ: Լինելու են դասախոսություններ: Մի խոսքով՝ ամեն ինչ կապված շախմատի հետ:
Այս դպրոցի հիմնադրումը չի կարո՞ղ խանգարել շախմատիստներին Շախմատային ակադեմիա այցելելուն:
Ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում: Շախմատային ակադեմիա պատանի շախմատիստները այցելում եմ ամեն օր, իսկ այս դպրոցում պարապմունքները լինելու են տարվա ընթացքում մի քանի անգամ: Էականորեն մոտեցումները տարբեր են, բայց նպատակը նույնն է: Նույն պատանի շախմատիստներին մենք ձգտելու ենք նախապատրաստել ավելի ուժեղ մրցաշարերի՝ բարձրացնելով նրանց խաղամակարդակը:
Ե՞րբ են անցկացվելու Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի Գրոսմայստերական դպրոցի առաջին պարապմունքները:
Ես հիմա չեմ կարող ասել, թե կոնկրետ, երբ: Հավանաբար, այս տարվա ընթացքում, միգուցե տարվա վերջում տեղի կունենան առաջին պարապմունքները:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը




























