Իրենք բավականին հարմոնիկ և փոխլրացնող, շատ ներդաշնակ զույգ էին, կամ զույգ են, և ես չեմ պատկերացնում, որ իրենք ունեն, օրինակ, քաղաքական հակասություն։ Այս մասին NEWS.am—ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ ադրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի բաժանմանը։
Նա նկատեց, որ բավականին լուրջ թերավատություն կա այդ պրոցեսի նկատմամբ, և շատ-շատերը դա դիտարկում են որպես իսկապես նախընտրական պրոցեսի ինչ-որ մի մաս. «Եթե դա հիմա պետք չլիներ Նիկոլ Փաշինյանին, եթե նա համարել, որ դա իր ռեյտինգը նվազեցնում է, ապա այս հայտարարությունը գոնե այս շրջանում, ընտրություններից 3.5 ամիս շուտ չէր լինի։ Ոչ մի բան չէր խանգարում, որպեսզի, եթե նույնիսկ իսկական հիմքեր կան, Աննա Հակոբյանը շատ գեղեցիկ անհետանար 3-4 ամսով, առավել ևս անհետանալու տեղ ունի՝ Չինաստանը, որտեղ սովորում էր։ Սա նշանակում է, որ այս ամեն ինչը եղել է Նիկոլ Փաշինյանի իմացությամբ և «դաբրո»–ով»,– ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ Աննա Հակոբյանն իր հայտարարության մեջ չէր բացառել, որ կարող է իր դեմ նաև քրեական գործ հարուցվել, Վիգեն Հակոբյանը չբացառեց, որ դա տեսարաններ ապահովելու համար է ասվել. «Ես չեմ բացառում այդ ամեն ինչը, առավել ևս, որ PR-ի և քաղաքական տեխնոլոգիայի տեսակետից էլ կարելի շատ բան բացատրել։ Ինքը նաև ասում էր, որ տուն չունի, փող չունի, զարդերը թողնում է, շոր չունի ընդհանրապես, շորերը ուրիշներն էին տալիս։ Այսինքն հալածյալի, կոռուպցիայից հեռու մարդու կերպար է ստեղծում, իր մեջքին թևեր էր ստեղծում։
Կա երկու թիրախ՝ ընդդիմադիր թիրախ, ընդդիմադիր լսարան, որի համար Աննա Հակոբյանը, մեղմ ասած, բացասական կերպար է, նույնիսկ իրեն ավելի բացասական են վերաբերվում, քան Նիկոլ Փաշինյանին։ Ու երբ Աննա Հակոբյանին անջատում են, դրանով փորձ է արվում այն բացասականը, որը Աննա Հակոբյանը կարող է բերել Նիկոլ Փաշինյանին, տարանջատել, այսինքն չեզոքացնում են:
Ինչ վերաբերում է իշխանական ընտրազանգվածի մի հատվածին, ֆանատիկների մասին եմ ասում, իրենք միշտ խանդով են վերաբերվել Աննա Հակոբյանին, համարել են, որ խեղճ Նիկոլին Աննա Հակոբյանը ճնշում է, օլիգարխ է։
Հիմա, այս քայլով փորձում են Աննա Հակոբյանի բավականին մեծ բացասական ռեյտինգը անջատել Նիկոլի ռեյտինգից։Եթե դու Աննային անջատում ես Նիկոլից, դրանով բացասական ազդեցությունը մի փոքր նվազեցնում ես»,– ասաց քաղտեխնոլոգը։
Երկրորդն այն է, որ իշխանական ընտրազանգվածը սրանից հետո կասի՝ խեղճ Նիկոլը ձերբազատվեց վատ ազդեցությունից։
Ես իհարկե, չեմ կարող 100% պնդել, որ իրենց միջանձնային հարաբերությունները փայլուն են, շատ հնարավոր է, որ միջանձնային հարաբերություններում կան օբյեկտիվ առիթներ, որոնք հիմա կարող է օգտագործվում են նաև քաղաքական սցենարներում։ Այսինքն, իրական հիմքեր, պրոբլեմներ կարող են լինել այդ տանը, բայց դա հիմա փորձում են օգտագործել։





























