Երեւանում աղբահանության վճարների 10 տոկոսը որպես խրախուսում` նվիրատվության ձեւով կհատկացվի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին: Երեւանի ավագանու այսօրվա` փետրվարի 14-ի նիստում հավանություն է տրվել այս որոշմանը:

Երեւանի ավագանու միաձայն կողմ քվերակությամբ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով նախատեսված Երեւանի քաղաքապետի լիազորությունները պատվիրակվել են Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին: Նախագիծը հիմնավորվում է Երեւան քաղաքի ավագանու 2011թ. դեկտեմբերի 23-ի N359-ն որոշմամբ, ըստ որի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաեւ այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու /մուտքագրելու/ լիազորությունները վերապահվել է Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին։ Ըստ այդմ էլ իրականացվող գործառույթների նկատմամբ հսկողությունն առավել արդյունավետ կարող են իրականացվել վարչական շրջանների ղեկավարների կողմից: