ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի պաշտոնական վերանայմանն է ներկայացվել բանաձեւի մի նախագիծ, որտեղ քննադատվում են Սիրիայում իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումները եւ աջակցվում է սիրիական ճգնաժամի կայունացման ԱՊԼ-ի ծրագիրը: Նախագիծը ներկայացրել է Եգիպտոսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագիծը տարածվել էր ՄԱԿ-ի անդամների շրջանում, սակայն հետագայում մշակվել էր արաբական երկրների խմբի կողմից` հաշվի առնելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայի Սիրիայի իրավիճակի մասին հաշվետվությունը: Ըստ դիվանագետների` արդեն փետրվարի 16-ին նախագիծը կարող է դրվել Գլխավոր վեհաժողովի քվեարկությանը:
Ի տարբերություն ԱԽ-ի` ՄԱԿ-ի ԳՎ-ի բանաձեւերը, որտեղ վետոյի իրավունքը չի գործում, պարտադիր ուժ չունեն:
Արաբական երկրների ներկայացրած նախագծում սիրիական կառավարությունից պահանջվում է դադարեցնել բռնությունը, Սիրիայում 11 ամիս առաջ սկսված անկարգությունների ընթացքում ձերբակալվածներին ազատ արձակել, բնակելի վայրերից դուրս բերել զինված ուժերին, ապահովել խաղաղ ցույցերի ազատությունը եւ ԱՊԼ-ի դիտորդներին եւ միջազգային լրատվամիջոցներին անարգել երկիր մուտք գործելու հնարավորություն ապահովել:
Փետրվարի 14-ին ՄԱԿ-ում ռուսական պատվիրակությունը պաշտոնական կարգով ներկայացրել էր արաբական նախագծի խմբագրումները: Ռուսական կողմը պնդում է, որ առանցքային է այն կոտը, որով «սիրիական ընդդիմության բոլոր թեւերին կոչ է արվում հեռու մնալ բռնության գործողություններին մասնակից զինված խմբավորումներից»: Երկրորդ ուղղումը, որը նույնպես, ըստ Մոսկվայի, կարեւոր նշանակություն ունի, պայմանավորում է սիրիական զինված ուժերի դուրսբերումը քաղաքներից եւ բնակավայրերից «պետական հաստատությունների եւ քաղաքային բնակավայրերի վրա զինված խմբավորումների հարձակումները դադարելու դեպքում», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























