Վոլգոգրադյան «Բելաջիո» սրճարանի հրդեհի եւ պայթյունի հետեւանքով 6 տուժածների Մոսկվա կտեղափոխեն: ԱԻՆ-ի ինքնաթիռը Վոլգոգրադ է թռել  վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու համար: Այս մասին հայտնել են Ռուսաստանի փրկարարական գերատեսչության  տարածաշրջանային վարչության մամլո ծառայությունում:

Մոսկվա տեղափոխվողների անունները չեն հայտնվում, միայն նշվում է, որ նրանք այժմ ծանր վիճակում են եւ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Փետրվարի 14-ին «Բելաջիո» սրճարանում հրդեհի եւ պայթյունի արդյունքում տուժել են 22 մարդ, նրանցից 20-ը հիվանդանոց են տեղափոխվել: Տուժածների մարմիններին  10%-ից մինչեւ 60% այրվածքներ են:

Ըստ նախնական տվյալների` կրակը բռնկվել է սրճարանի նկուղում 12 լիտրանոց տաքացուցիչի պայթյունի հետեւանքով, նկուղը գտնվում է 1946 թվականի կառուցած եռահարկ բնակելի շենքի առաջին հարկում:

Հրդեհը մարելու աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 80 մարդ եւ 25 միավոր տեխնիկա:

Ռուսական լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ «Բելաջիո» սրճարանն արդեն փակել էին 30 օրով (2010 թվականի Նոր տարվա տոնակատարությունների նախօրեին) հրդեհային անվտանգության կանոնների խախտման պատճառով: