Եգիպտոսը ամերիկյան կողմին մեղադրական եզրակացություն է հանձնել Եգիպտոսի տարածքում ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունների գործողությունների վերաբերյալ, որոնք կործանարար ազդեցություն են ունենում:
Ինչպես ավանդական ճեպազրույցի ընթացքում հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը, արաբերեն գրված 24 էջանոց մեղադրական եզրակացությունը հանձնվել է Վաշինգթոնից Կահիրե ուղարկված փաստաբանական խմբին: Այժմ ամերիկյան կողմը թարգմանում է փաստաթուղթը, եւ արդեն հիմքեր կան ենթադրելու, որ դա հենց այն նույն տեքստն է, որն օրերս հրապարակվել էր «Ալ Ահրամ» թերթում:
Եզրակացության մեջ մեղադրանք է ներկայացված Եգիպտոսի տարածքում օտարերկրյա ՀԿ-ների բոլոր 43 աշխատակիցներին, այլ ոչ թե միայն ամերիկյան քաղաքացիներին: Գործընթացը վարելու համար դատարանը դեռ չի ընտրվել, անորոշ է նաեւ դատավարության ամսաթիվը:
Ըստ Նուլանդի` ընդհանուր առմամբ եգիպտական կողմը մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ի 16 կամ 17 քաղաքացիների, որոնցից յոթին արգելվել է լքել արաբական երկրի սահմանները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ամերիկան հովանավորում է անարխիայի տարածումը». այդպես է վերնագրվել «Ալ Ահրամ» թերթի հոդվածը, որին հղում է արել Նուլանդը:
Նյութում փաստեր են բերված, ըստ որոնց ԱՄՆ-ն ակտիվորեն ֆինանսավորել է Եգիպտոսի տարածքում տարբեր ՀԿ-ների: Գլխավոր նպատակն է եղել Մուբարաքի հրաժարականից հետո իրավիճակի «Ամերիկային եւ Իսրայելին ձեռնտու» զարգացման համար քաղաքական վեկտորի ստեղծումը, գրում է rbc-ն:
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական եւ Միջազգային հանրապետական ինստիտուտներում աշխատող ամերիկյան քաղաքացիների խումբը մեղադրվում է նրանում, որ նրանց ստեղծած ՀԿ-ն համապատասխան մարմիններում գրանցված չի եղել: ԱՄՆ-ի քաղաքացիները ղեկավարել են այդ ՀԿ-ի գործունեությունը եւ աշխատավարձ ստացել` այդ մասին չտեղեկացնելով Եգիպտոսի հարկային մարմիններին: Նման խախտման համար, ըստ եգիպտական օրենսդրության, սահմանվում է մինչեւ 5 տարվա ազատազրկում:
Տեղափոխվելու արգելք ունեցող անձանց շարքում է Կահիրեի Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն, ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարի որդի Սեմ Լահուդը:
Վաշինգթոնն ի պատասխան սպառնացել է դադարեցնել Եգիպտոսին տրամադրվող ֆինանսական օգնությունը, որի չափերը հասնում են տարեկան մինչեւ 1,5 միլիարդ դոլարի:




























