«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Հայաստանի կառավարությունից տարօրինակ նվեր կստանա մարտի 8-ի նախօրեին: Երեւան քաղաքի Սարյան 22 հասցեում գտնվող շենքի 12-րդ հարկից 50,2 քառ.մետր ընդհանուր մակերեսով, 11.6 մլն. դրամ արժեքով տարածքը նրանց կտրամադրվի 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով: Թվում է, թե կառավարությունը բավական շռայլ է գտնվել կանանց նկատմամբ, սակայն իրականում կառավարության որոշումը փոքրիկ խորամանկ քայլ է` վարձակալության պայմանների փոփոխման հետեւանք;
Նշենք, որ սույն հ/կ-ն այդ տարածքը վարձակալում է 2006 թ.-ից` վճարելով ամսական 37.6 հազ. դրամ վարձավճար: Սակայն վարձակալած տարածքը կազմում է 68.5 քմ: Վարձակալության պայմանագիրը ավարտվել է 2011 թ.:
Կառավարությունն անցյալ տարի փոփոխեց պետական գույքը վարձակալության հանձնելու պայմանները` այսուհետ պետական գույքը վարձակալության է հանձնվում շուկայական պայմաաններով: Դրա հետեւանքով կատարվել է վերահաշվարկ, ու կանանց կազմակերպությունը պարտավոր է ամսական վճարել մոտ 3 անգամ ավելի` 126.2 հազ. դրամ:
Քանի որ հ/կ-ն բավարար ֆինանսներ չունի, իսկ կառավարությունն էլ ցանկացել է ընդառաջ գնալ, որոշվել է դիմել խորամանկության: Տարածքի մեծ մասը կհատկացվի անհատույց, ու միայն 18.3 քառ. մետրի վրա կպահպանվի վարձակալության նորմը: Այդպիսով` կանայք կշարունակեն նվեր ստացած տարածքը օգտագործել նախորդ տարիների վարձավճարով:
Նշենք, որ «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը 2002 թվականից իրականացնում է նորածին երեխաների սոցիալական աջակցության «Համազգային հոգածություն նորածիններին «Օրորոց» ծրագիրը:




























