Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Սադոյանին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Գագիկ Գյանջումյանին՝ համատեղ աշխատանքի համար:
Քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանների աշխատանքի հանրագումարով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը եւ ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ եւ սրտացավ աշխատանք: Տարոն Մարգարյանը նշել է նաեւ, որ վարչական շրջանի նոր ղեկավարը, պահպանելով տարիների ընթացքում ձեւավորված թիմային աշխատանքի ավանդույթները, իր նոր մոտեցումներով եւ կազմակերպչական ունակություններով պետք է նպաստի Կենտրոն վարչական շրջանի եւ առհասարակ քաղաքի հետ կապված ծրագրերի իրականացմանը:
«Համատեղ ուժերով պետք է աշխատենք բնակչության գոհունակությանն ու վստահությանն արժանանալու համար: Վերանայելով մոտեցումները բոլոր այն ոլորտներում, որտեղ այս պահին թերացումներ կան, պետք է բոլոր ուժերը կենտրոնացնել եւ վերացնել դրանք»,-նշել է քաղաքապետը Տարոն Մարգարյանը`պատասխանատու պաշտոնը ստանձնած նոր ղեկավարին մաղթելով աշխատանքային կրկնապատիկ եռանդ:
Իր հերթին Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Սադոյանը հավաստիացրել է քաղաքապետին, որ, ծանոթ լինելով տեղական ինքնակառավարման համակարգին, ուժերի ներածին չափով աշխատելու է Երեւանի, Կենտրոնի եւ բնակիչների խնդիրներն ու հոգսերը թեթեւացնելու եւ լուծումներ գտնելու ուղղությամբ:
Անդրադառնալով բնակիչների հետ հետադարձ կապի ապահովման հարցին՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջաններում բնակիչների ընդունելություններն ու բակային հանդիպումները դարձնել առավել հաճախակի, որպեսզի բնակչության կողմից բարձրացված հարցերն ու խնդիրները ստանան շուտափույթ լուծում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Արա Սադոյանը, ով հանրապետական պատգամավոր Ռուբեն Սադոյանի եղբայրն է:




























