Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր` փետրվարի 15-ին, ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին եւ քննարկել կրթության եւ գիտության ոլորտում համատեղ ծրագրերի մշակման հարցը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդգծելով, որ Հայաստանում արաբագիտության նկատմամբ ավանդական եւ պատմականորեն ձեւավորված հետաքրքրություն կա` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Երեւանի պետական համալսարանում նախատեսվում է հիմնել արաբագիտության եւ իսլամագիտության կենտրոն, միաժամանակ աշխատանքներ են ընթանում Երեւանում արաբերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց բացելու ուղղությամբ: ՀՀ ԿԳ նախարարը, ներկայացնելով Հայսատանի կրթական համակարգի զարգացման միտումները, նշել է, որ բարեփոխումներն ուղղված են ժամանակակից կրթական համակարգի ձեւավորմանն ու որակյալ մասնագետների պատրաստմանը: "Ուրախ կլինենք Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում տեսնել Քուվեյթից ժամանած ուսանողների",- նշել է Ա. Աշոտյանը եւ հավելել, որ Հայաստանում հնարավոր է ստանալ համեմատաբար մատչելի, միաժամանակ որակի առումով մրցունակ բարձրագույն կրթություն:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ նշել, որ Հայաստանն ու Քուվեյթը տարբեր ոլորտներում համագործակցության մեծ հեռանկար ունեն, եւ կրթության ոլորտն այս առումով կարող է առաջատար լինել:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկու պետությունների միջեւ կրթության ոլորտի համագործակցության հուշագրի վավերացման, բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակային ծրագրերի իրականացման, միջբուհական ուսանողական շարժունության ապահովման հետ կապված մի շարք հարցերի:




























