Վոլգոգրադ ժամանած մոսկովյան բժիշկները որոշում են կայացրել ՌԴ մայրաքաղաք տեղափոխել «Բելաջիո» սրճարանի հրդեհից տուժած տասը մարդու: Այս մասին լրագրողներին հայտնել է Վիշնեւսկիի անվան ինստիտուտի այրվածքային կենտրոնի ղեկավար Անդրեյ Ալեքսեեւը: 

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ-ում հայտնել էին, որ Մոսկվա են տեղափոխել 6 տուժածների:

Ըստ նրա` բժիշկները որոշում են կայացրել Մոսկվա հիվանդանոց տեղափոխել այն տուժածներին, ովքեր 20%-ից մինչեւ 50% մարմնի այրվածքներ ունեն: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 3 հիվանդներ, որոնք ունեն մարմնի 60-70%  այրվածքներ, կմնան Վոլգոգրադում, քանի որ ըստ բժշկական ցուցումների, նրանց հնարավոր չէ տեղափոխել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Հիշեցնենք, որ  Վոլգոգրադի կենտրոնական շրջանում «Բելաջիո» սրճարանի հրդեհը տեղի է ունեցել փետրվարի 14-ի երեկոյան:

Ըստ հետաքննության նախնական տվյալների` հրդեհի պատճառ է դարձել  հաստատության ջեռուցման համար օգտագործվող գազի բալոնը: Ըստ քաղաքապետարանի տվյալների` տուժել է 23 մարդ, որոնցից  21-ը հիվանդանոց են տեղափոխվել: Հինգ հիվանդների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Չորեքշաբթի Մոսկվայից Վոլգոգրադ է ժամանել բժշկական սարքավորումներով կահավորված ԱԻՆ-ի ինքնաթիռը` ծանր վիրավորվածներին մայրաքաղաք տեղափոխելու համար: