Դատախազության ներկայացուցիչները հետաձգել են «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ  Վենեդիկտովի հետ հանդիպումը: Այս մասին Վենեդիկտովը հայտնել է իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Էխո»-ի ղեկավարը հայտնել էր, որ դատախազություն էր կանչվել  Աշխատանքային օրենսգրքի խախտման տեղեկության առնչությամբ:

Իր կողմից Մոսկովյան դատախազությունը ժխտել է, որ Վենեդիկտվը զրույցի է կանչվել: Վարչությունում հայտնել են, որ ներկայումս իսկապես կատարվում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ստոգումը կանոնադրության հետ կապված, սակայն գլխավոր խմբագրին դատախազություն ոչ ոք չի կանչել:

«Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում  Վենեդիկտովը պատմել է, որ համաձայն չէ ներկայացված մեղադրանքներին:

«Ես ուզում եմ հիշեցնել, որ մեր խմբագրության կանոնադրությունը մի քանի տարի առաջ հաստատել է տնօրենների խորհուրդը, որի կազմում այն ժամանակ ընդգրկված է եղել Ռուսաստանի բարձրագույն արբիտրաժային դատարանի ներկայիս նախագահ Անտոն Իվանովը: Այդ պատճառով էլ շատ կասկածելի է, որ նա էլ չի նկատել Աշխատանքային օրենսգրքին անհամապատասխանությունը», - նշել է նա:

Ըստ նրա` կանչի պատճառ է դարձել հրատարակության կանոնագրքի այն կետը, որով լրագրողներին արգելվում է քաղաքական կուսակցությունների անդամ դառնալ , գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Մինչդեռ, ինչպես հայտնում է Lenta.ru-ն,  «Յաբլոկոյի» ղեկավարութունը մտադիր է կուսակցությունից հեռացնել Ալեքսանդր Ֆիլշերին` Տամբովի այն նույն բնակչին, որը դատախազությանը բողոքել էր «Էխո Մոսկվի» ռադիոկայանի  կանոնադրության դեմ: Այս մասին իր թվիթերում հայտնել է կուսակցության առաջնորդ Սերգեյ Միտրոխինը: 

Նրա բողոքը որպես սադրանք են դիտարկել, եւ մտադիր են կուսակցությունից հեռացնել «քաղաքական վնասի համար» սահմանումով: Դրան զուգահեռ Վենեդիկտովը «Յաբլոկոյին» խնդրել է  չհեռացնել Ֆիլշերին, քանի որ ռադիոկայանը նրա դեմ ոչինչ չունի: