Ամփոփվել են «Հայ սուպերսթար» համաժողովրդական երաժշտական մրցույթի առցանց եւ հանդիսատեսի հաղորդագրությունների առաջին քվեարկության արդյունքները: Նշենք, որ փետրվարի 9-ին կայացել է ճանաչված հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանի առաջին գալա-համերգը: Եզրափակչին մասնակցում են 12 կատարողներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Ռուսաստանից: Մրցույթի կանոններով, ամեն համերգից հետո հանդիսատեսի քվեարկության արդյունքում նախագծից (իսկ արդյունքներն ամփոփվում են գալա-համերգի նախօրեին), դուրս է մնում կատարողներից մեկը, այսինքն ամեն չորեքշաբթի:

Արդյունքների ամփոփման առաջին արարողությունը բավական լարված ստացվեց երաժշտական մրցման մասնակիցների համար: Ծրագրի սկզբում մասնակիցներին եւ հանդիսատեսին ցուցադրվեցին կարճ հոլովակներ, որտեղ ժյուրիի անդամները նշում էր իրենց կարծիքով առավել թույլ կատարողին:

Վտանգավոր գոտում հայտնվեցին երեք կատարողներ` Լիանա Արոյանը, Երվանդ Մաթեւոսյանն ու Վարդինե Ավագյանը:

Շոուի վարող Արամ MP3-ը կրակին յուղ էր լցնում` երիտասարդ կատարողներին բարդ հարցեր տալով: Նրա «ճնշման» տակ մասնակիցները ստիպված էին նշել գալա-համերգի ամենաթույլ մասնակցի անունը: Ամենից շատ շրջանառվեց Վարդինե Ավագյանի անունը, ով առաջին գալա-համերգին կատարել էր ժամանակին հայտնի հիթերից մեկը` Բրիթնի Սփիրսի «Тоxic»-ը: Կատարումն, անկեղծ ասած, իսկապես տպավորիչ չէր։ Հստակ էր, որ 19-ամյա մասնակիցը այդ ժանրում թույլ է: Ժյուրիի չորս անդամներից 3 ընդհանուր առմամբ համամիտ գտնվեցին տողերիս հեղինակի հետ, եւ միայն ժյուրիի անդամ Լեյլա Սարիբեկյանի գնահատականն էր, որ հիմնովին տարբերվեց։ «Վարդինեն բնօրինակից լավ էր նայվում»,- ասաց նա:

Հանուն արդարության հարկ է նշել, որ Վարդինեն իսկապես ձգտում էր առավելագույնին, եւ այս դեպքում, քննադատությունը պետք է ուղղել երաժշտական պրոդյուսերին, ով, թերեւս, այնքան էլ հաջող երգ չէր ընտրել աղջկա համար:

Վառ արտահայտված սեքսուալ ենթատեքստով «Тоxic»-ը նա չէր կարող հաղթահարել: Առանձին հարց կարելի էր տալ ոճաբաններին, որոնք հաջողացրել էին Վարդինեին զարդարել աշտարականման սանրվածքով։ Հավանաբար ենթադրել են, թե վառ դիմահարդարումն ու արտառոց տեսքը բավարար են երգի զգացմունքային եռանդը արտահայտելու համար:

Այնուամենայնիվ, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, ինչպես Վարդինեի, այնպես էլ մյուս մասնակիցների համար: Տեւական տանջանքներից ու ձգձգվող ինտրիգից հետո հայտարարվեց, թե մրցույթից ոչ ոք դուրս չի մնա: Ինչպես պարզաբանեցին «Շանթ» հեռուստաընկերության ներկայացուցիչները, արտոնագրի սեփականատերերը որոշ դեպքերում թույլատրում են հեռանալ մրցույթի կանոններից` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները: Պարզվում է` հայ հանդիսատեսին մեկ եթերը հաճախ բավարար չէ իր նախասիրություններն արտահայտելու համար: Այնպես որ, սպասենք երկրորդ համերգին ու երկրորդ քվեարկությանը: Բայց այս անգամ երկու մասնակից են լքելու նախագիծը: