Թուրքական Aksam թերթի լրագրող Նագեհան Ալչըն, ով մոտ 10 օր առաջ այցելել էր Ղարաբաղ, հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ իր արած հարցազրույցը:

Չճանաչված մի հանրապետություն եք: Ինչո՞ւ եք պայքարում անկախության` այլ ոչ թե Հայաստանին միանալու համար:

1988 թվականին անկախության շարժման ժամանակ` «Միացում Հայաստանին» կարգախոսով մարդիկ փողոց դուրս եկան: Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո, այդ ժամանակաշրջանի օրենքների համաձայն` Ղարաբաղը ինքնավար շրջան լինելով հանդերձ, ինքնորոշվելու իրավունք ուներ: Այդ պատճառով անկախանալու նպատակ դրեցինք: Այդպես ԽՍՀՄ օրենքը չենք խախտել:

Այս շրջանում, որ միանաք Հայաստանին, շատ կարեւոր ուժ ձեռք չե՞ք բերի:

Դա շատ կարեւոր հարց չէ: Մենք Հայաստանի հետ ունենք համագործակցություն` կրթության, պաշտպանության, տնտեսության ոլորտներում: Հայաստանը մեր անվտանգության երաշխավորն է: Այդ պատճառով, միացումը` պարզապես տեխնիկական խնդիր է:

Չնայած, որ այսքան մոտ եք, ինչո՞ւ Հայաստանը ձեզ պաշտոնապես չի ճանաչում:

Դա քաղաքական խնդիր է: Հայաստանը չի ցանկանում միակողմանի ճանաչում: Նախ, ցանկանում է, որ միջազգային հանրությունը ճանաչի: Մտածում է, որ հակառակ դեպքում` գործընթացին վնաս կհասցվի:

Հայաստանի համար թանկ ապրանք եք հանդիսանում: Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ սահմանների պատճառը` դուք եք: Չճանաչվելու դեպքում` սանկցիաների ավելացման վախ չկա՞։ Չե՞ք զգում, որ ձեր մեծ եղբորը փակուղու մեջ եք դրել:

Ոչ, հայրենիքը արժեքով չեն չափում: Ինչ շրջափակում էլ ուզում է լինի եւ թեկուզ 100 տարի տեւի` հայրենիքը տնտեսական շահի համար չի վաճառվելու:

Ասում եք Հայաստանը Ղարաբաղը դիտում է որպես հայրենիք՞։

Անշուշտ: Հայրենիք ասելով` հասկանում ենք երկու պետություն եւ մեկ հայրենիք:

Խոսում են, որ հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները, կյանքի չեն կոչվի, եթե Ղարաբաղի հարցը չլուծվի: Լուծում ասելով, հասկանում են, որ առաջին փուլում Ղարաբաղի հարակից շրջաններից պետք է դուրս գաք: Դրան պատրաստ եք՞։

Մեզ համար Հայաստան-Թուրքիա հաշտեցումը եւ Ղարաբաղի խնդիրը տարբեր բաներ են: Եթե Թուրքիան Ղարաբաղը տեսնում է, որպես պայման սահմանը բացելու համար, նշանակում է, որ սահմանը չի բացվելու: Ղարաբաղի ժողովուրդը առանց իր ինքնորոշման իրավունքը ճանաչելու` որեւէ զիջման չի գնալու:

Ձեր ասած զիջումները որո՞նք են:

Երբ կնստենք սեղանի շուրջ, այն ժամանակ կխոսենք փոխադարձ տալիք-առնելիքների մասին: Մենք պարզապես, մեր ժողովրդի ճանաչման համար ենք պայքարում:

Այսինքն, Լաչինի միջանցքի եւ մյուս շրջանների վերադարձի հարցը չե՞ք քննարկում։

Ոչ, նույնիսկ չենք էլ մտածում: Մինչ բանակցող կողմ լինելը` մեր դիրքորոշումը չենք փոխելու:

Այս կոշտ դիրքորոշումը` ձեզ վնաս չի՞ տալիս։ Լեռների արանքում պատսպարվել եք: Սահմանների բացումը կնշանակի, որ ձեր կյանքի զարկերակը կսկսի բացվել:

Ինչպես արդեն նշեցի` հայրենիքը արժեքով չեն չափում: Հնարավոր է, որ այսօր մեր կյանքի պայմանները ամենալավը չեն, սակայն ընդունելի պայմաններ են: Թուրք պաշտոնյաները թող տեսնեն, որ այստեղ ինքնասիրություն կա: Մենք երբեք զավթիչ չենք եղել:

Բայց ամբողջ աշխարհը ձեզ այդպիսին է տեսնում: Քարտեզի վրա` դուք ադրբեջանական հողերում եք:

Ձեզ հետ համամիտ չեմ: Մենք պայքարը սկսեցինք, ոչ թե հողի պահանջի, այլ ինքնորոշման համար: Սակայն, ցավոք սրտի, պատերազմը իր օրենքներն է թելադրում:

Ադրբեջանցիները ասում են, որ առաջինը դուք եք կրակել:

Ադրբեջանը սկսելով իր հողերից հայերի մաքրումը` Նախիջեւանից մեզ լրիվ վերացրեցին: Սումգայիթում եւ Բաքվում էլ մեծ կոտորածներ եղան:

Չե՞ք ժխտում, որ Խոջալուի իրադարձությունների ժամանակ` 1300 ադրբեջանցի է զոհվել:

Խոջալուի դեպքերը տեղի են ունեցել 1992 թվականին` պատերազմական իրավիճակում: Քաղաքացիական զոհեր եղել են, սակայն քաղաքացիական անձանց համար միջանցք բացել էինք: Ադրբեջանցիները Խոջալուն այլ կերպ են պատմում: Մեզ պաշտպանելու համար` ստիպված էինք վերցնել Խոջալուն:

Պատերազմական իրավիճակի մասին մի տեսակ զղջումով եք խոսում: 1915 թվականի իրադարձությունները պատերազմական իրավիճակում էին:

Մենք խոսում ենք 1915 թվականի մասին, որպես պետական քաղաքականություն: Իսկ այստեղ` պատերազմի ընթացքում պարզապես զոհեր են եղել: Դա չի եղել սիստեմատիկ քաղաքականություն:

1915 թվականը հիմնականում Սփյուռքի հայերի գոյության կարեւոր մի մասն է կազմում: Մենք այստեղ չզգացինք նման բան:

1915-ի ուղղակի վերապրածները` սփյուռքահայերն են: Մենք նրանց ցավը կիսում ենք, սակայն այդ օրերի վկան չենք եղել: 1915-ի շարունակությունը` եղավ 1992-ին: Ադրբեջանցիներն էլ ցանկացան հայերին այստեղից ամբողջովին մաքրեին:

Ի՞նչն է այս հողերը այդքան արժեքավոր դարձնում:

Պարզապես հայրենիք լինելը: Ամբողջ ցեղս այստեղ է: Պապերիս գերեզմանները կարող եմ ցույց տալ: Ուզում եմ, որ իմ որդին էլ այստեղ` իմ գերեզմանի վերեւում աղոթի: Խնդիրը ադրբեջանցիներինն է: Եթե ինձ մի քանի սերունդ առաջ մահացած ադրբեջանցու գերեզման ցույց տաք` իմ պնդումներից կհրաժարվեմ:

Այս իրավիճակը փոխելու համար ի՞նչ եք անում: Օրինակ, տարիներ ի վեր այս խնդրով աշխատող Մինսկի խմբից ձեզ օգուտ կա՞։

Մինսկի խմբի հետ պարբերաբար հանդիպում ենք: Նույն բաները նրանց ենք ասում:

1988-ից այս կողմ, բոլոր ջանքերը անարդյունք են եղել, որովհետեւ մեզ գործընթացում չեն ներառել: Ինչքան էլ, որ Հայաստանի հետ համագործակցում ենք` այնքան էլ ճիշտ չէ, որ Հայաստանը մեր փոխարեն որոշում կայացնի: Այդ պատճառով Լեւոն Տեր Պետրոսյանը` 1998 թվականին հրաժարական տվեց:

Չե՞ք կասկածում, որ Սերժ Սարգսյանը, առանց ձեր հավանության, այս խնդրում խոստումներ տա:

Ոչ, առանց մեր հավանության Ղարաբաղի խնդրում որեւէ զիջման խոսք չի կարող տրվել:

NEWS.am-ը հիշեցնում է, որ Նագեհան Ալչըն Ստեփանակերտ այցելության ժամանակ՝ հարցազրույց էր տվել Արցախի պետական հեռուստաընկերությանը, որի ժամանակ ասել էր, որ Ղարաբաղը հայկական հող է։ Այնուհետ ադրբեջանական մամուլը մեծ աղմուկ էր բարձրացրել եւ անցանակալի անձ հայտարարել թուրք լրագրողուհուն: Այնուհետ Ալչըն սկսեց հերքել, որ ինքը ասել է, թե Ղարաբաղը 100 տոկոսով հայկական հող է: Նա նշեց, որ ինքը պարզապես ասել է, թե իր տեսնելով բոլորը Ղարաբաղում հայեր են եւ կառավարությունն էլ հայկական է: