ԵՄ էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում միջուկային էներգետիկայի մասնաբաժնի կրճատման որոշումը ռազմավարական սխալ էր՝ հաշվի առնելով, որ դաշինքը նավթի կամ գազի արտադրող չէ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, փոխանցում է Reuters-ը։

«Ատոմային էներգետիկայի մասնաբաժնի այս կրճատումը գիտակցված ընտրություն էր։ Ես կարծում եմ, որ Եվրոպայի համար ռազմավարական սխալ էր երես թեքել ցածր արտանետումներով էլեկտրաէներգիայի հուսալի և մատչելի աղբյուրից», — ասել է նա Փարիզում կայացած միջուկային էներգետիկային նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում։

Նրա խոսքով՝ 1990 թվականին Եվրոպական միությունն իր էլեկտրաէներգիայի մեկ երրորդը ստանում էր ատոմային էներգետիկայի հաշվին, մինչդեռ այժմ դրա մասնաբաժինը կազմում է ընդամենը մոտ 15%։ Նա հավելել է, որ Եվրոպական միությունը ձգտում է խթանել փոքր միջուկային ռեակտորների զարգացումը, որպեսզի Եվրոպան պակաս կախված դարձնի ներկրվող հանածո վառելիքից։

«Մենք ականատես ենք լինում ատոմային էներգետիկայի համաշխարհային վերածննդին և Եվրոպան ցանկանում է լինել դրա մի մասը», — հայտարարել է ֆոն դեր Լեյենը՝ ազդարարելով փոքր մոդուլային ռեակտորների մշակման ոլորտում ներդրումների խթանման համար ԵՄ-ի կողմից 200 միլիոն եվրոյի երաշխիքների տրամադրման մասին:

Նրա խոսքով՝ միջոցները կհատկացվեն Եվրոպական միության արտանետումների առևտրի համակարգից: «Մենք ցանկանում ենք, որ այս նոր տեխնոլոգիան սկսի գործել արդեն 2030-ականների սկզբին», — ասել է նա: