Հայաստանում 4500 բազմաբնակարան շենքեր կան, որոնց սեյսմիկությունը 7 բալից բարձր չէ: Այդ մասին այսօր` փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Այն հարցին, թե որքանո՞վ են Երեւանում նոր կառուցված շենքերը սեյսմակայուն, Ա. Երիցյանը պատասխանեց, որ շենքերն իրար մոտ կառուցելը վտանգներ է պարունակում, եթե երկրաշարժ լինի: «Շենքերը, որ կառուցվում են, պետք է համապատասխանեն նորմերին: Դա քաղաքաշինական նորմեր են, որ պետք է համաձայնեցվեն քաղաքաշինության նախարարության հետ»,- ասաց Ա. Երիցյանը:
Ըստ Ա. Երիցյանի` Հայաստանում նկատվող սեյսմիկ ակտիվությունը ոչ մի կապ չունի Թուրքիայում անցյալ տարի տեղի ունեցած 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետ, որից հետո մոտ 5000 հետցնցում արձանագրվեց:




























