Հնդկաստանը բանակցություններ է վարում Իրանի հետ Հորմուզի նեղուցով առնվազն 20 լցանավերի անցման շուրջ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Խոսքը մասնավորապես նավթ և հեղուկացված գազ (LPG) փոխադրող լցանավերի մասին է։ Ինչպես նշում է գործակալությունը, ավելի վաղ հաղորդումներ են տարածվել այն մասին, թե Իրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո գտնվող նավերի անցումը։ Սակայն իրանցի անանուն պաշտոնյան Bloomberg-ի հետ զրույցում հայտարարել է, որ նման թույլտվություն չի տրվել։

Ավելի վաղ NDTV հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանն ապահովել է հնդկական դրոշի ներքո գտնվող երկու լցանավերի՝ Pushpak-ի և Parimal-ի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։

Մարտի 2-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) գեներալ-մայոր Էբրահիմ Ջաբարին զգուշացրել էր, որ համաշխարհային նավթի արտահանման մոտ մեկ հինգերորդն ապահովող Հորմուզի նեղուցը կփակվի նավերի անցման համար՝ Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողության պատճառով։ Մարտի 5-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, թե նեղուցը փակ չէ, պարզապես նավերն ու լցանավեր ըչեն փորձում հատել այն՝ վախենալով երկու կողմերի հարվածներից։