Հայաստանի բնակչության մոտ 70 տոկոսը, այդ թվում եւ պետական ու իշխանական մարմինների աշխատակիցների մեծ մասը հանդես են գալիս հայ-թուրքական արձանագրությունների դեմ: Այդ մասին հայտարարել է ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանը՝ նկատելով, որ ներկայումս կուսակցությունն ուսումնասիրում է հասարակական կարծիքը ինչպես Հայաստանում, այնպես էլ հայ համայնքներում՝ «ընդհանուր պատկեր կազմելու համար»:
«Մենք վստահ ենք, որ Թուրքիայի բոլոր քայլերը եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի կապված են ղարաբաղյան խնդրի հետ: Դաշնակցականներն մեկ անգամ չէ, որ ասել են, թե հայ-թուրքական գործընթացի զարգացման նախապայմաններից մեկը ղարաբաղյան հարցն է՝ դրանից բխող հետեւանքներով»,- հայտարարել է Իշխանյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է տեսնել հայ-թուրքական հարաբերությունների եւ մադրիդյան սկզբունքների միջեւ կապը:
Նրա խոսքով, դրանք մեկ միջազգային կենտրոնի տարբեր ուղղություններն են:
«Տվյալ գործընթացում ինչպես ղարաբաղյան կառույցն, այնպես էլ ողջ Դաշնակցությունը լուրջ եւ վտանգավոր ուղղություններ են տեսնում, որոնք հղի են կործանարար հետեւանքներով թե՛ ղարաբաղյան հարցի, թե՛ Հայաստանի Հանրապետության ապագայի համար: Արդյունքում հաղթող է դառնում Թուրքիան»,- նկատել է ղարաբաղյան դաշնակցականների ղեկավարը՝ ցավ հայտնելով, որ տվյալ գործընթացներում Հայաստանի իշխանությունների կողմից արհամարհվում են ազգային ուժերն ու պոտենցիալը։
Պատասխանելով ղարաբաղյան հարցով փաստաթուղթ ստորագրելու հավանականության մասին հարցին՝ Դավիթ Իշխանյանը պատասխանել է. «անցած ամիսներին անընդհատ խոսվել է ղարաբաղյան հարցի մինչեւ տարվերջ լուծման մասին: Իմ կարծիքով՝ համանախագահները նման հայտարարություններ են անում ադրբեջանական եւ հայկական կողմերի համար: Մենք, սակայն, չենք տեսնում եւ չենք ակնկալում առաջընթաց այդ հարցում, առավել եւս՝ առանց ղարաբաղյան կողմի մասնակցության»:
Դավիթ Իշխանյանը նաեւ հայտարարել է, թե 2010թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն մասնակցելու է:




























