Չինաստանը հայտարարել է գերամուր ածխածնային մանրաթելի արտադրության ոլորտում խոշոր տեխնոլոգիական առաջընթացի մասին՝ ստեղծելով T1200 դասի ածխածնային մանրաթելի ամենաամուր տեսակներից մեկի՝ աշխարհում առաջին արդյունաբերական արտադրագիծը, գրել է South China Morning Post-ը։
Մշակումը ներկայացրել է China National Building Material Group պետական կորպորացիան Փարիզի JEC World միջազգային կոմպոզիտային նյութերի ցուցահանդեսում։
T1200 ածխածնային մանրաթելը համարվում է նման նյութերի տեխնոլոգիական գագաթնակետը։ Դրա տրամագիծը մարդու մազի մեկ տասներորդից բարակ է, սակայն ձգման ամրությունը մոտավորապես տասն անգամ մեծ է սովորական պողպատի ամրությունից, ընդ որում՝ այն զգալիորեն թեթեւ է մետաղից։ Թեթեւության եւ ամրության այս համադրության շնորհիվ ածխածնային մանրաթելը հաճախ անվանում են ժամանակակից արդյունաբերության «սեւ ոսկի»։
Նոր նյութն արդեն լաբորատոր հետազոտություններից անցել է արդյունաբերական արտադրության: Մշակողների խոսքով՝ գործարանը կկարողանա տարեկան արտադրել մոտ 100 տոննա մանրաթել, ինչը Չինաստանը կդարձնի առաջին երկիրը, որը զանգվածաբար կարտադրի այս ամրության ածխածնային մանրաթել: Մինչ այդ նմանատիպ զարգացումները հիմնականում փորձարարական փուլում էին։
Այս տեխնոլոգիայի զարգացումը կարող է կարեւոր հետեւանքներ ունենալ բարձր տեխնոլոգիական մի շարք ոլորտների համար: T1200 ածխածնային մանրաթելը, ինչպես կանխատեսվում է, կօգտագործվի ավիատիեզերական, անօդաչու թռչող սարքերի արտադրության, ռոբոտաշինության, էներգետիկայի եւ բժշկական սարքավորումների ոլորտներում: Նյութը համարվում է հատկապես արժեքավոր ավիացիոն եւ տիեզերական տեխնոլոգիաների մեջ, որտեղ կառուցվածքների քաշի նվազեցումը անմիջականորեն ազդում է արդյունավետության եւ շահագործման արժեքի վրա:
T1200-ի արդյունաբերական արտադրության ի հայտ գալը սրում է մրցակցությունը գերամուր կոմպոզիտների համաշխարհային շուկայում, որտեղ ավանդաբար գերիշխում են ճապոնական եւ ամերիկյան ընկերությունները: Փորձագետները նշել են, որ այս նյութի զանգվածային արտադրության յուրացումը կարող է ամրապնդել Չինաստանի դիրքերը ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում՝ տիեզերական տեխնոլոգիաներից մինչեւ պաշտպանություն:





























