Հնագետները անսովոր մանկական գերեզմաններ են հայտնաբերել Իտալիայի հարավում գտնվող հին դամբարանադաշտում. մի քանի երեխաներ թաղված են եղել բրոնզե գոտիներով, որոնք հին ժամանակներում համարվում էին ռազմականության խորհրդանիշ, հաղորդել է Live Science-ը։

Հայտնագործությունը կատարվել է Կամպանիա շրջանի Պոնտեկանյո Ֆաիանո քաղաքում հնագիտական ​​աշխատանքների ժամանակ։ Հետազոտությունները կատարվել են ծխախոտի նախկին գործարանի տարածքում, որտեղ հնագետները հայտնաբերել են մոտ 2500 տարվա վաղեմության գերեզմանոցի հատված։

Այս վայրում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 34 գերեզման, որոնք թվագրվում են մ.թ.ա. IV–III դարերով։ Դրանց մոտ կեսում թաղված էին երեխաներ՝ նորածիններ եւ երկուսից տասը տարեկան երեխաներ։ Գերեզմաններում նրանք դասավորված էին խմբերով, ինչը, հավանաբար, արտացոլում էր հին համայնքի ընտանեկան կառուցվածքը։

Հնագետներին հատկապես հետաքրքրել էին երկու մանկական գերեզմաններ, որոնցում մահացածները թաղված էին մեծ բրոնզե գոտիներով: Նման գոտիները սովորաբար հանդիպում են միայն սամնիտների՝ հին իտալական ժողովրդի շրջանում, չափահաս տղամարդ զինվորների գերեզմաններում, որոնք բնակվել են այս տարածաշրջանում հռոմեական նվաճումից առաջ: Զարդարված մետաղական գոտիները համարվում էին տղամարդու կարգավիճակի եւ ռազմական էլիտայի մաս կազմելու խորհրդանիշ:

Հնագետները նշել են, որ հայտնաբերված գոտիները չափազանց մեծ էին երեխաների համար, ուստի, հավանաբար, նրանք դրանք չեն օգտագործել կյանքում: Առարկաները, հավանաբար, գերեզմանում դրվել են որպես խորհրդանշական ատրիբուտ: Գիտնականները ենթադրում են, որ նման նվերները կարող էին արտացոլել ընտանիքի սոցիալական կարգավիճակը կամ ակնարկել այն դերի մասին, որը երեխան կստանձներ մեծ տարիքում:

Դամբարանադաշտում հայտնաբերվել են նաեւ այլ ավանդական գերեզմանային իրեր՝ կերամիկական անոթներ, գինու բաժակներ, անուշաբույր յուղերի անոթներ եւ զենքեր՝ նիզակների ծայրեր եւ նետեր, որոնք սովորաբար հանդիպում են չափահաս տղամարդկանց գերեզմաններում: Կանանց գերեզմաններում հնագետները ավելի հաճախ գտնում են զարդեր՝ մատանիներ եւ կրծքազարդեր, որոնք օգտագործվում են որպես հագուստի ամրակներ:

Պոնտեկանյանո բնակավայրը երկար պատմություն ունի: Այն առաջ է եկել դեռեւս մ.թ.ա. 9-րդ դարում, հետագայում դարձել է կարեւոր առեւտրային կենտրոն էտրուսկների ազդեցության տակ, ապա ընկել է սամնիտների տիրապետության տակ: Այս քաղաքի դամբարաններում հայտնաբերվել են հազարավոր գերեզմաններ եւ մնում են Հարավային Իտալիայի հին ժողովուրդների թաղման սովորույթների վերաբերյալ տեղեկատվության հիմնական աղբյուրը:

«Զիինվորական» գոտիներով անսովոր մանկական գերեզմանները հետազոտողներին դրդում են նորովի նայել սամնիտների հասարակության սոցիալական ավանդույթներին: Հնարավոր է, որ նման առարկաները խորհրդանշել են ընտանիքի ժառանգական կարգավիճակը կամ արտահայտել են ապագայի տեսլական, որը կսպասվեր երեխային, եթե նա ապրեր մինչեւ չափահասություն: