Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը (WADA) դիտարկում է իր կանոնները վերանայելու հնարավորությունը, որպեսզի փորձի արգելել նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ կառավարական բոլոր պաշտոնյաներին այցելել 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերը։ Սա կարող է հետևանքներ ունենալ նաև այս ամառ ԱՄՆ-ում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար. հայտնում է Associated Press-ը:
Այս առաջարկը, որը ներառված է հաջորդ երեքշաբթի կայանալիք հակադոպինգային համաշխարհային կազմակերպության գործադիր կոմիտեի նիստի օրակարգում, հերթական քայլն է՝ կապված WADA-ին ամենամյա վճարումները կատարելուց ԱՄՆ կառավարության բազմամյա մերժման հետ:
Այս մերժումը չինացի լողորդների հետ կապված գործի քննության և այլ հարցերի վերաբերյալ գործակալության գործողությունների դեմ ամերիկյան կառավարության միաձայն երկկուսակցական բողոքի մասն է: Associated Press-ն օրակարգի այս կետի մասին տեղեկացել է WADA-ի և գործակալության որոշումների կայացմանը մասնակցող եվրոպացի պաշտոնյաների նամակագրությունից:
Օրակարգին ծանոթ ևս երկու աղբյուր հաստատել են կանոնների վերաբերյալ առաջարկի առկայությունը:
WADA-ի ներկայացուցիչ Ջեյմս Ֆիթջերալդը հայտարարել է, թե «այստեղ նորություն չկա»՝ նշելով, որ ֆինանսավորումը մերժող կառավարությունների հետ կապված քննարկումները շարունակվում են 2020 թվականից և ուղղակիորեն կապված չեն ԱՄՆ-ի հետ: