Արմավիրի մարզի դատախազներից Դավիթ Բարոյանը երեկ` փետրվարի 16-ին, գիշերային ակումբներից մեկում թույլ է տվել դատախազին ոչ վայել պահվածք: Նա ալկոհոլի ազդեցության տակ մերկացել է, մոտեցել ձողին ու սկսել պարել, միաժամանակ թույլ տալով ոչ վայելուչ արտահայտություններ: NEWS.am-ի այս տեղեկությունը մասամբ հաստեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Նա փոխանցեց, որ այսօր` փետրվարի 17-ին, ահազանգ են ստացել Արմավիրի մարզի դատախազության աշխատակցի կողմից դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսեւորելու վերաբերյալ, ինչը հաստատվել է:
Պարզվել է, որ Արմավիրի դատախազության դատախազ Դավիթ Բարոյանը փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերն ընկերոջ հետ միասին գնացել է իր բնակության վայրին մոտ գտնվող գիշերային ակումբ, որտեղ չարաշահել է ալկոհոլը եւ թույլ տվել դատախազին ոչ հարիր վարքագիծ: Այդ հանգամանքը հաստատել է նաեւ Դավիթ Բարոյանը եւ զղջացել կատարվածի համար: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2012 թվականի փետրվարի 17-ին նա հեռացվել է դատախազության համակարգից:
Ի դեպ, Սոնա Տռուզյանը նշեց, որ տեղյակ է, որ դեպքի մասին լրատվամիջոցներում անանուն նամակ է տարածվել եւ ավելացրեց, որ անանուն նամակները չի մեկնաբանում:




























