Որտեղից պետք է նախկին բանտարկյալը փող ունենա, որ դեռ բաժանի էլ Հրազդանում: Այդ մասին, այսօր` փետրվարի 17-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, Հրազդանի քաղաքապետի նախկին թեկնածու Սասուն Միքայելյանը:
«Եթե ես կաշառք բաժանեի, ապա կաշառք բաժանող մարդկանց անմիջապես կձերբակալեին, քանի որ իշխանությունները առիթ էին փնտրում, որպեսզի բռնեն ինձ: Երեխեք, ես որտեղից պետք է փող ունենայի, որտեղից պետք է նախկին բանտարկյալը փող ունենար»,-ասել է նա:
Մեկնաբանելով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հայտարարությունն այն մասին, որ Հրազդանի գործող քաղաքապետ Դանիելյանը փաստեր ունի, որոնք վկայում են, որ իր հակառակորդը կաշառք է բաժանել` Միքայելյանը նշել է. «Եթե Դանիելյանը ունի նման փաստեր, թող ինձ դատի տա: Իսկ Ադիբեկյանին խորհուրդ կտամ` հերիք է գործեր սարքել փողի դիմաց եւ սեւացնել նորմալ մարդկանց»:




























