Կայացել է «Հայ սուպերսթար» նախագծի երկրորդ գալա-համերգը, որի եթեր հեռարձակումից հետո, շաբաթ երեկոյան տեղի կունենա հանդիսատեսի քվեարկությունը, որի հետեւանքով մասնակիցներից երկուսը կլքեն նախագիծը (ֆոտոռեպորտաժ):

Հիշեցնենք, որ նախորդ համերգից հետո մասնակիցներից ոչ-ոք չի լքել նախագիծը եւ դա է պատճառը, որ այս անգամ լքողները երկուսն են լինելու:

Երկրորդ գալա-համերգն ամբողջովին նվիրված է սիրո թեմային: Շոուի մասնակիցները չեն կարողացել խուսափել իրենց կյանքում սիրելի էակի առկայության մասին հարցից, իսկ ժյուրիի անդամներն իրենց կարծիքն են հայտնել այդ պայծառ զգացմունքի մասին:

«Սիրուց երգեր են ծնվում»,-ասել է ժյուրիի անդամ, հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը, իսկ երգիչ Անդրեն խոստովանել է, որ սիրո մեջ անդավաճան է:

Համերգին հնչել են սիրո մասին հին ու նոր երգեր:

Երաժշտական երեկոն բացել է նրբագեղ Ռիմա Ֆարսյանը: Նա մի փոքր կաշկանդված էր, սակայն երգել է ակնհայտ հաճույքով: Ժյուրիի անդամները նշել են նրա կայուն ձայնային տվյալները, սակայն մեղադրել են միատեսակ լինելու մեջ:

Մասնակից Վարդինե Ավագյանն այս անգամ կատարել է Առնո Բաբաջանյանի հիանալի քնարական երգերից մեկը` «Կամուրջները»: Թեեւ Վարդինեն մեծ ջանքեր էր գործադրում, սակայն նրա կատարման մեջ որոշակի դատապարտվածություն էր զգացվում: «Հանձնված ես երգում»,-ասել է ժյուրիի անդամ, «Վիտամին ակումբի» անդամ Գարիկը:

Հիշեցնենք, որ Վարդինեն նախորդ համերգի ժամանակ նախագծից դուրս մնացող հիմնական թեկնածուն էր:

Փոխարենը ժյուրիին իր զգայական կատարմամբ ուրախացրել է Էլիզաբեթ Ադիկյանը, ով կատարել է Evanescence խմբի անմահ հիթը` My Immortal-ը: Էլիզաբեթը բեմ է դուրս եկել ճերմակ եթերային զգեստով: Մրցույթի մասնակցին միշտ չէ, որ շնչառությունը բավականացնում էր, բայց ընդհանուր առմամբ, ժյուրին գոհ մնաց նրա կատարումից, նշելով, որ երգը տեխնիկապես շատ բարդ է:

Վրաստանցի մասնակից Անահիտ Հարությունյանը կատարել է «Քեզ» երգը, որն այնքան էլ չի հիացրել ժյուրիի խիստ անդամներին: Նրանց կարծիքով, աղջիկը բավարար ջերմություն ու զգացմունք չի արտահայտել: Սակայն երբ վարողի խնդրանքով Անահիտը առանց երաժշտության (ակապելլա) երգել է վրացերենով, ժյուրիի անդամները հալվել են, անգամ հնչել են «բռավո»-ներ:

Մասնակից Արմեն Մարդանյանին բարդ խնդիր էր բաժին ընկել, քանի որ նա պետք է կատարեր ժյուրիի անդամ Անդրեի երգերից: «Դու խառնեցիր երգի բոլոր բառերը»,-կատարումից հետո ասել է Անդրեն: Երիտասարդ կատարողը կատակել է, թե հիշել է իր հին սերը, դրա համար էլ շփոթվել է:

Շիկահեր Լիլիթ Խաչատրյանը կատարել է «Այս ուղին» անունը կրող շատ քնարական ու հուզիչ երգը: Էքսպրեսիայի բացակայությունը դարձել է ժյուրիի հիմնական առարկությունը, իսկ Անդրեն խորհուրդ է տվել աշխատել նազանքով երգելու վրա:

Իսկ ահա Երվանդ Մաթեւոսյանը հրաշալիորեն կարողացել է մտնել կերպարի մեջ, թեեւ ձայնային առումով նա եւս անթերի չեն եղել: Երվանդը շետությամբ է վերցրել բարձր նոտաները, սակայն ցածր սուբտոներ վերցնելիս շփոթվել է:

Մասնակիցների մեջ շատ հաջող էր Ջուլիետա Սարգսյանի կատարումը: Հանդիսատեսն ու ժյուրին ըստ արժանվույն են գնահատել նրա պլաստիկությունն ու արտիստիզմը: Աղջիկը երգել է հեշտությամբ եւ անգամ թեւթեւակի խաղի մեջ է մտել հանդիսատեսի հետ:

«Բեմը քեզ սիրում է իսկ դու սիրում ես բեմը»,-ասել է Ավետ Բարսեղյանը, թեեւ Ջուլիետային եւս խորհուրդ տվեցին աշխատել ձայնի վրա:

Հաջորդ մասնակիցը Սոնա Ռուբենյանն էր` մրցույթի առաջատարներից մեկը: Գեղեցիկ ու հզոր ձայն, գիտակցված ու նուրբ կատարում.: Սոնան երգել է Քրիսթինա Ագիլերայի երգացանքից բավական բարդ Beautiful երգը: Այդուհանդերձ, նրան լրացուցիչ արտիստիզմը չէր խանգարի հետագայում  բարձունքների հասնելու համար:

Բոլորից լավ պարել է Լիանա Արոյանը, սակայն այնքան էլ լավ չի երգել Քեթի Փերիի զվարճալի երգը: Փոխարենը խոստովանել է, որ սիրած էակի համար պատրաստ է երգել նույնիսկ տխուր երգ: Ժյուրիի անդամները հենց այդպիսի ամպլուայում էին սպասում աղջկան:

Բարձրահասակ ու սլացիկ Արաքսյա Ամիրխանյանին բաժին էր ընկել Ավրիլ Լավինի երգերից մեկը: Կատարման վերջում աղջիկը փորձել է մահացածի մարմնավորել, իսկ կատարումն ընդհանուր առմամբ, դուր է եկել ժյուրիին:

Վերջինը բեկ է բարձրացել, թերեւս, նախագծի ամենախարիզմատիկ մասնակիցը` ռուսաստանցի Արթուր Մացակյանը: Նրա վառ, վարակիչ կատարումը ոգեւորել է բոլորին: «Ես այս պահին չեմ կարող գնահատել որպես ժյուրիի անդամ, ես պարզ հանդիսատես եմ»,-ասել է երգչուհի Լեյլա Սարբեկյանը:

«Հայ սուպերսթարի» երկրորդ գալա-համերգը ակնհայտ ֆավորիտների ի հայտ չի բերել, սակայն մի քանի մասնակիցների մասին ժյուրիի անդամները շատ դրական են արտահայտվել: Հիմա խոսքը հանդիսատեսինն է եւ հենց նրանց խոսքից է կախված, թե ովքեր կլքեն նախագիծը:

Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի