Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) պետ Հաքան Ֆիդանը գրություն է ուղարկել Անկարայի գլխավոր դատախազություն։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ MIT-ի ղեկավարը գրության մեջ նշել է, թե գործերի ծանրաբեռնվածության պատճառով չի կարող անմիջապես ներկայանալ ցուցմունք տալու համար։ Նա ասել է, թե իրեն հարմար ժամանակ կայցելի դատախազություն:
Հիշեցնենք, որ MIT-ի ներկա եւ նախկին պետերը հրավիրվել էին դատախազություն KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործով հետաքննությունների շրջանակներում եւ պետք է ցուցմունք տան նախորդ տարի Օսլոյում կայացած MIT-PKK բանակցությունների վերաբերյալ։
Այս սկանդալային իրադարձությունների համատեքստում MIT-ի աշխատակիցներին հարցաքննության կանչած Ստամբուլի հատուկ իրավասություններով դատախազին հեռացրել են պաշտոնից եւ հետաքննություն սկսել նրա դեմ։
MIT-ի ներկա ղեկավար Հաքան Ֆիդանը գրություն էր ուղարկել Անկարայի դատախազություն՝ հայտնելով, որ ինքը ցուցմունք կտա Անկարայում, ոչ թե Ստամբուլում։




























