Հայաստանում բազմաթիվ բնապահպանական կազմակերպությունների շարքում գրագետ բնապահպաններն ընդամենը 10 տոկոս են կազմում: Այսօր` փետրվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում նման միտք է հայտնել Vallex ընկերության նախագահ Վալերի Մեժլումյանը:

Բնապահպանական կազմակերպությունների բուռն բողոքն առաջ բերած Թեղուտի հանքավայրի շահագործման նախագիծը մեկնաբանելով` նա նշել է , որ  ընկերության արդյունաբերական նախագծերի ցանկացած առողջ քննադատություն միայն ողջունելի է:

«Բնապահպանական կազմակերպություններն այնպիսի աղմուկ-աղաղակ են բարձրացնում, որի ներքո լեռնահանքային արդյունաբերության հազարավոր աշխատակիցներ պարզապես հեւում են: Սակայն պետք է գնահատել այդ աղմուկ-աղաղակը, առավել ուշադրություն դարձնել բնապահպանական լուրջ խնդիրներին, որոնք առկա են լեռնահանքային ցանկացած նախագծում: Այդ պատճառով էլ ես ողջունում եմ այդ աղմուկ-աղաղակը: Հենց այդ պատճառով էլ ընկերությունը մասնակցում է բաց երկխոսությանը եւ պատասխանում բնապահպանության հետ կապված բոլոր հարցերին: Ընդ որում, պատասխանում է նաեւ կիսագրագետ մարդկանց, որոնք բավականին շատ են: Եթե վերցնենք բոլոր բնապահպանական կազմակերպությունները եւ ստուգում անցկացնենք, թե բնագետների ինչ մակարդակ է այնտեղ տիրում, ապա գրագետ մարդիկ կարող է եւ 10 % լինեն, մնացածը պարզապես անգրագետ են», - հայտարարել է Վ. Մեժլումյանը:

Ըստ նրա` հասարակության որոշակի զանգված միտումնավոր կերպով ցանկանում է ստվերել արտադրական կազմակերպությունների դրական գործունեությունը: «Այն մարդիկ, ովքեր նախկինում վաստակում էին «խոպանում», այժմ հարյուրավոր խմբերով տուն են վերադառնում: Նախկինում Թեղուտում ոչ մի խանութ չկար, այժմ կա 10 խանութ: Եւ այդ բոլորը տեղական բնակիչներն են` թեղուտցիները: Կտրուկ աճել է ծնելիությունը, սակայն բոլորը չէ որ դա հաշվի են առնում: Չէ որ շատ քչերին է հետաքրքիր Թեղուտի ինչ-որ խուլ գյուղում ծնելիության մակարդակը», – ասել է Վ. Մեժլումյանը:

Ըստ երկրաբանական հետազոտության տվյալների `Թեղուտյան հանքավայրը Հայաստանում պղնձի պաշարներով երկրորդն է (1,5 միլիոն տոննա), ինչպես նաեւ պարունակում է մոտավորապես 100 հազար տոննա մոլիբդեն: Թեղուտի շահագործումը նախատեսում են սկսել 2014 թվականին: Հանքավայրում արդեն տարվում են հանքափորման աշխատանքները:

Հիշեցնենք, որ 180 հա անտառի փոխարեն, որը Vallex-ը հատելու է Թեղուտյան հանքավայրում, ընկերությունը պարտավորվել է տնկել 400 հա: