Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հինգշաբթի հայտարարել է, որ Թուրքիան «բարեկամական խորհուրդ» է տալիս Իրանին՝ խուսափելու ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը Մերձավոր Արևելքում տարածելուց՝ հավելելով, որ տարածաշրջանի երկրների վրա Թեհրանի հարձակումներն անընդունելի են, հաղորդում է Al Arabiya-ն։
Դոհայում Կատարի վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ֆիդանը նշել է, որ Իսրայելը պատերազմի գլխավոր մեղավորն է, բայց Իրանը տարածաշրջանի երկրների վրա չհարձակվելու «պատմական պատասխանատվություն» է կրում։
Նա ասել է, որ Անկարան կապի մեջ է Վաշինգտոնի և Թեհրանի հետ՝ նրանց դիրքորոշումները հասկանալու համար, և որ հակամարտությանը վերջ դնելու Թուրքիայի ջանքերը կշարունակվեն։
Շեյխ Մոհամմեդը, իր հերթին, դատապարտել է Իրանի հարձակումները Կատարի գլխավոր գազային հանգույցի վրա, որոնք տեղի են ունեցել նախորդ օրը Պարսից ծոցում էներգետիկ ենթակառուցվածքների վրա մի շարք հարձակումներից հետո։
«Այս հարձակումը լուրջ հետևանքներ ունի համաշխարհային էներգամատակարարման համար: Նման հարձակումներն ուղղակիորեն օգուտ չեն բերում որևէ երկրի, այլ վնասում և անմիջականորեն ազդում են բնակչության վրա»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ռաս Լաֆանի օբյեկտին հասցված զգալի վնասը։
Կատարը մերժում է Իրանի պնդումները, թե չորեքշաբթի Պարսից ծոցի երկրում գազի օբյեկտների վրա հարձակումները ուղղված էին ԱՄՆ-ի հետ կապված օբյեկտներին, հայտարարել է Շեյխ Մոհամմեդը:





























