Պակիստանի Փարաչինար քաղաքում ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է 24-ի, ավելի քան 50 մարդ վիրավորվել է:

Ընդ որում, տեղական հատուկ ծառայությունները հայտնում են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ռումբը պատրաստված է եղել մեծ քանակությամբ տարբեր նյութերից, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Վիրավորվածների մեծ մասի դրությունը ծայրահեղ ծանր է գնահատվում:

Ահաբեկչության պատասխանատվությունը իրավապահ մարմիները դրել են «Թեհրիկ ի թալիբան Պակիստան» թալիբների ծայրահեղական շարժման վրա:

Հիշեցնենք, որ Փարաչինար քաղաքի շուկայի հրապարակում (Քուրամ շրջանի վարչական կենտրոնը) տեղի ունեցած պայթյունը կազմակերպել է մահապարտ-ահաբեկիչը:

Քուրամ ցեղախմբային շրջանը մտնում է պակիստանյան ցեղախմբերի գոտու մեջ, որտեղ չեն գործում դաշնային օրենքները եւ չի տարածվում ոստիկանության ազդեցությունը: Ցեղախմբերի գոտին ապաստան է դարձել իսլամիստ գրոհայինների խմբավորումների համար, որոնք հանդես են գալիս հարեւան Աֆղանստանի վարչակարգի եւ պակիստանյան իշխանությունների դեմ: