Իսրայելի պաշտպանության բանակը գրանցել է Իրանից արձակված հրթիռներ իսրայելական տարածքի ուղղությամբ, ՀՕՊ համակարգերն աշխատում են։
Սա այսօր առավոտյան ՑԱԽԱԼ-ի չորրորդ հաղորդագրությունն է։ Իրանի հրթիռային արձակումների պատճառով գիշերը չորս անգամ հնչել են օդային տագնապի շչակները։ Գրոհների հետեւանքների մասին հաղորդագրություններ չեն եղել։
Գիշերվա ընթացքում Երուսաղեմում բազմիցս լսվել են խոցված օդային թիրախների բարձր ձայները։
BBC-ի Երուսաղեմի թղթակից Յոլանդա Նելի խոսքով՝ իսրայելական զինվորականները կարծում են, որ Իրանը դեռեւս ունի ավելի քան 150 օպերատիվ արձակման կայանք եւ մի քանի հարյուր բալիստիկ հրթիռ։
Իսրայելական Kan News լրատվական գործակալությունը երեկ երեկոյան հաղորդել է, որ պատերազմի սկսվելուց ի վեր իրանցիները արձակել են մոտ 900 բալիստիկ հրթիռ՝ 350-ը՝ Իսրայելի, մնացած գրեթե բոլորը՝ Պարսից ծոցի երկրների վրա։
Իրանական WANA լրատվական գործակալության հրապարակած նոր տեսանյութում, իբր, երեւում է, թե ինչպես է Իրանը երեկ երեկոյան հրթիռներ արձակում անհայտ վայրից։
Թեեւ Իսրայելը պնդում է, որ կանխել է Իրանի կողմից նոր հրթիռների արտադրությունը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը հայտնել է, որ նույնիսկ պատերազմի ժամանակ Իրանի հրթիռային արդյունաբերությունը գործում է բարձր մակարդակով, եւ հրթիռների արտադրության կամ պաշարների վերաբերյալ որեւէ մտահոգություն չկա։





























