Շրի Լանկայից տարհանման չվերթներ չեն իրականացվի, ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Շրի Լանկայում Ռուսաստանի դեսպան Լևան Ճաղարյանը։
Մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով կղզուց դուրս գալ չկարողացող ռուսաստանցի զբոսաշրջիկներին առնչվող իրավիճակը՝ նա նշել է, որ սկզբում դեսպանատուն է դիմել մոտ 1350 մարդ։
«Նրանցից մի քանիսը ինքնուրույն են ճանապարհորդել։ Ամենադժվար իրավիճակը ստեղծվել է Air Arabia-ի ուղևորների համար. ավիաընկերությունը, ցավոք, ո՛չ դեսպանատան, ո՛չ էլ նրա հաճախորդների հետ անհրաժեշտ կառուցողական համագործակցության պատրաստակամություն չի ցուցաբերել,- նշել է դեսպանը։ -Միևնույն ժամանակ, մի շարք այլ ավիաընկերություններ, որոնք չեն մտնում ծայրահեղ ցածրարժեք հատվածի մեջ, մասնավորապես Emirates-ը, կարճատև ուշացումից և լոգիստիկ գործընթացների ճշգրտումներից հետո, սկսել են կատարել ուղևորների նկատմամբ իրենց պարտավորությունները։ Հատկապես պետք է ընդգծել, որ Շրի Լանկայից հայրենադարձման չվերթներ չեն իրականացվել և չեն իրականացվի»,- պարզաբանել է Ճաղարյանը։
Այդ կապակցությամբ նա նշել է նաև, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը խափանումներ է առաջացրել Պարսից ծոցի մի քանի երկրներում օդային փոխադրումների գործում, որոնք կազմում են Կոլոմբո ժամանող չվերթների մոտ 30%-ը։
«Ընդ որում, «Аэрофлот»-ի և Red Wings կողմից Ռուսաստան իրականացվող ուղիղ չվերթները չեն ընդհատվել,- մանրամասնել է Ճաղարյանը։-Այս համատեքստում կցանկանայինք մեր գոհունակությունը հայտնել Կոլոմբոյում «Аэрофлот»-ի ներկայացուցիչների հետ սերտ համագործակցության համար»։





























