Մեկնարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական այցը դեպի Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն, հայտնում է «Բելտա»-ն։

Այցը տեղի է ունենալու մարտի 25-ին և 26-ին՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրավերով։ Այցի կենտրոնական իրադարձությունը կլինեն երկու երկրների առաջնորդների բանակցությունները։ Ծրագրվում է քննարկել Բելառուսի և ԿԺԴՀ-ի միջև հարաբերությունների զարգացման ուղղությունների ողջ սպեկտրը, սահմանել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտները և իրականացման համար առավել հեռանկարային նախագծերը։

Այցը նպատակ ունի ամրապնդել հարաբերությունների իրավական շրջանակը և խթանել երկկողմ համագործակցության ակտիվացումը։

Լուկաշենկոն և Կիմ Չեն Ընն արդեն հանդիպել են 2025 թվականի սեպտեմբերին` Պեկինում, որտեղ հրավիրյալ օտարերկրյա առաջնորդների թվում ներկա են գտնվել շքերթին։ Այդ ժամանակ ԿԺԴՀ առաջնորդը հրավիրել էր Բելառուսի նախագահին այցելել իր երկիր՝ ցանկացած հարմար ժամանակ։