Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցյալ շաբաթ ցանկացել է իրանցիներին կոչ անել փողոց դուրս գալ և բողոքի ցույցեր անցկացնել սեփական կառավարության դեմ, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան ասել է, որ դա չափազանց ռիսկային է։ Այս մասին Axios-ին հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյա և իսրայելական մի աղբյուր։
«Ինչո՞ւ, գրողը տանի, պետք է մարդկանց կոչ անենք փողոց դուրս գալ, եթե նրանց միևնույն է սպանելու են»,- հեռախոսազրույցի ժամանակ Նեթանյահուին ասել է Թրամփը. հայտնել է ամերիկացի պաշտոնյան։
ԱՄՆ-ն և Իսրայելը համամիտ են պատերազմի ռազմական նպատակների մեծ մասի շուրջ, սակայն նրանց տեսակետները տարբերվում են «Իրանում վարչակարգի փոփոխության» հարցում, ինչպես նաև այն հարցում, թե քաոսի և արյունահեղության որ մակարդակն է ընդունելի դրան հասնելու փորձի համար։
Նեթանյահուն ապստամբության համար պայմանների ստեղծումն անվանում է Իսրայելի գլխավոր նպատակներից մեկը, իսկ ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ Թրամփը վարչակարգի փոփոխությունը դիտարկում է ավելի շուտ որպես «բոնուս»։
Նեթանյահուն առաջարկել է, որ ինքն ու Թրամփը պետք է համակարգված կերպով իրանցի ժողովրդին փողոց դուրս գալու կոչ անեն։ Մինչդեռ Թրամփը մտահոգություն է հայտնել, որ նման կոչը միայն սպանդի կհանգեցնի։




























