Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 26–ի նիստում ընդունեց հերթական սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու մասին որոշումը։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով նախագիծը, ասաց. «Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 11 համայնքների թվով 11 սուբվենցիոն ծրագրեր, որոնցից 2–ը Արագածոտնի մարզում են, 1–ը՝ Արարատի, 2–ը՝ Արմավիրի, 2–ը՝ Գեղարքունիքի, 1–ը՝ Սյունիքի, 3–ը՝ Տավուշի մարզերում։ Համաֆինանսավորումը կազմում է 1 մլրդ 100 մլն դրամ։ Այս հատկացումով արդեն 2026–ին պետական բյուջեից կունենանք 3 մլրդ 57 մլն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»։
Ավանդույթի համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթով ընթերցեց, թե որ ծրագրերի մասին է խոսքը։ Դրանք վերաբերում են ընդհանուր 353,1 կիլովատտ-ժամ հզորությամբ արևային ֆոտովոլտային 7 կայանների տեղադրմանը, շենքերի տանիքների հիմնանորոգմանը, վերականգնմանը, ճանապարհների ասֆալտապատմանը, խաղահրապարակի կառուցմանը, մանկապատեզի շենքի վերանորոգմանն ու հիմնանորոգմանը, արտաքին լուսավորության անցկացմանը, ոռոգման համակարգի արդիականացմանը, վերելակների փոխարինմանը և այլ աշխատանքների:
Միջոցներ են հատկացվել նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի ջեռուցման համակարգի անցկացման, գազամատակարարման գծի կառուցման, դուռ-պատուհանների փոխարինման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու և խորհրդատվական ծառայություներ ձեռք բերելու համար:
«Արագածոտնի մարզպետի աշխատակազմի շենքն ահավոր վիճակում է: Պետության համար ուղղակի նման շենքի գոյությունն ինքնին պրոբլեմ է, և պետք է այս հարցը լուծել»,- թեմայի համատեքստում նկատեց Փաշինյանը:
Նախարար Խուդաթյանն արձագանքեց՝ նախատեսված է աշխատանքներն իրականացնել փուլերով:





























