Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանի մարտի 26-ի հրամանով «Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Լուսինե Հարությունյանը, ով վերջին մեկուկես տարում արդեն երկրորդ անգամ է հաղթահարել տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթը:
Հարությունյանը 2021-2024 թթ. հանդիսացել է «Երևանի հ. 140 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2024 թ. դեկտեմբերի 30-ին նշանակվել է «Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն: Այս պաշտոնում Հարությունյանը նշանակվել էր այն բանից հետո, երբ հիշյալ մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը, մանկապարտեզում հայտնաբերված չարաշահումներից հետո, սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից, և մանկապարտեզի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ էր հայտարարվել:
Ավելի ուշ Դանիելյանն իրեն աշխատանքից ազատելու հրամանը վիճարկել էր քաղաքացիական գործերով դատարանում՝ պնդելով, որ նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը չի ապահովել իր՝ աշխատանքից ազատման դիմումը հետ վերցնելու իրավունքը: Ինքը՝ նախկին թաղապետը, սակայն, պնդում է, որ եթե անգամ այդ դիմումը հետ ընդուներ, նույն օրը Դանիելյանին ազատելու էր աշխատանքից՝ հիմք ընդունելով մանկապարտեզում հայտնաբերված խախտումների արձանագրությունը: Դատարանն այնուամենայնիվ արձանագրել էր աշխատանքային իրավունքի խախտում և վճռել Դանիելյանին վերականգնել նախկին աշխատանքում՝ բնականաբար չանդրադառնալով Դանիելյանին վերագրվող չարաշահումների փաստին (տվյալ հարցը բացառապես քրեաիրավական հարթությունում է):
Ավելի ուշ Դանիելյանի պաշտոնավարման ընթացքում արձանագրված ենթադրյալ չարաշահումների փաստերով հանցագործության մասին հաղորդում էիններկայացրել մանկապարտեզի նախկին ծնողներն ու մանկապարտեզի ավելի քան մեկտասնյակ աշխատակիցներ, ինչի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել էրքրեական վարույթ:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանն էլ, կատարելով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը, փետրվարի 19-ի կարգադրությամբ Լուսինե Հարությունյանին ազատել էր զբաղեցրած պաշտոնից և տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանին վերականգնել նախկին աշխատանքին: Սակայն Դանիելյանը վերանշանակումից մեկուկես օր անց ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից: Դանիելյանին մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելք, 2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում:




























